16:18 , 16 մայիս, 2014
Azatutyun.am-ը գրում է.
Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) այսօր կայացած 8-րդ համագումարում կուսակցության նախագահ վերընտրվեց Ստեփան Դեմիրճյանը:
Իր ելույթում ՀԺԿ-ի առաջնորդն ասաց՝ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, և ՀԺԿ-ի համար առաջնային է օրինական իշխանության ձևավորումը, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակական և քաղաքական համախմբում, և կուսակցությունը ամեն ինչ անելու է ժողովրդավարական ընտրությունների միջոցով երկրում օրինական իշխանության հասնելու համար:
Ըստ ՀԺԿ ղեկավարի, ձևավորվել է կոռուպցիոն մի համակարգ, առանց որից ձերբազատվելու հնարավոր չէ ապահովել երկրի զարգացումը:
«Գործող վարչախմբի գործունեության հետևանքով երկիրը հայտնվել պարզապես աղետալի վիճակի մեջ։ Երկիրը գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ»,- ասաց Դեմիրճյանը։
Կառավարության փոփոխությամբ իրավիճակը երկրում էապես չի կարող փոխվել, հայտարարում է ՀԺԿ ղեկավարը.- «Ավելորդ է խոսել աղքատության հաղթահարման, տնտեսության առողջացման մասին, քանի դեռ տնտեսական լծակները գտնվում են մի խումբ մարդկանց ձեռքում, քանի դեռ իշխանությունը սերտաճած է բիզնեսի հետ, քանի դեռ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց դիրքը օգտագործում են իրենց կամ իրենց մերձավորների բիզնես շահերը սպասարկելու համար»։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Դեմիրճյանն ասաց, որ դրանք պետք է իրականացնի միայն օրինական իշխանությունը:
«Ոչ թե Սահմանադրությունն է պետք անվերջ փոփոխությունների ենթարկել, այլ պետք է փոխել Սահմանադրությունը խախտող իշխանություններին»։
Տարիներ շարունակ ընդդիմությանը չի հաջողվում իշխանափոխություն իրականացնել, հնարավո՞ր է, որ ՀԺԿ-ն այսուհետ պայքարի կտրուկ միջոցների դիմի, հարցրեցինք կուսակցության ղեկավարին:
«Տարիներ շարունակ եթե արդյունքի չի հասել, ես միշտ ասել եմ, դա ընդդիմության ձախողումը չէ, դա երկրի ձախողումն է, իշխանությունը բռնազավթվել է և չի ձևավորվել ընտրությունների միջոցով։ Դա ընդդիմության ձախողումը չէ, իսկ ընդդիմությունը, մասնավորապես, ՀԺԿ-ն շարունակելու է պայքարը՝ բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով։ Չի ստացվել տարիներ շարունակ, ի վերջո ստացվելու է»,- ասաց նա։
Դեմիրճյանը նշեց, որ իրենք շարունակելու և ընդլայնելու են համագործակցությունը մյուս ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի հետ: ՀԺԿ նախագահը հույս հայտնեց, որ իր ղեկավարած կուսակցությունը կմասնակցի առաջիկա համապետական ընտրություններին:
Այսօրվա համագումարին այլ կուսակցություններից հրավիրյալներ չկային: ՀԺԿ-ի ավելի քան 15 հազար անդամներից այսօր համագումարին մասնակցում էր 142 պատվիրակ: