Խորհրդարանն ընդունեց բժշկական կրթությանն իրավական կարգավորում տվող օրինագիծը


12:41 , 16 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին 101, դեմ՝ 1 , ձեռնպահ՝ 2 պատգամավոր:

Օրենքի նախագծով առաջարկվում է իրավականորեն կանոնակարգել բժշկական կրթությունը, մասնավորապես, նախատեսվում է իրավական ձևակերպում տալ բժշկական կրթության երկու ձևերին՝ ինտերնատուրային և օրդինատուրային: Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող մեր հայրենակիցներին կրթությունը մեր երկրում շարունակելու հնարավորություն տալ, եթե նրանց երկրներում ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ լինեն:

Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների արդյունքում խմբագրման և լրամշակման կարիք ունեն ուսանողների հրամանագրման ժամկետները, «կլինիկական օրդինատոր» կրթական ծրագրով ուսուցման ժամկետները և բուհերի հավատարմագրման հետ կապված հարցերը: