Եվրոպան մորուքի խնդիրով է զբաղված, որովհետև մյուս բոլոր խնդիրներով վաղուց են զբաղվել


10:36 , 16 մայիս, 2014

Ազգիս դրսից ֆինասավորվող ՀԿ–ները ֆինանսավորման նոր ալիք են հայտնաբերել՝ անկախ սեռից` մորուք պահելու իրավունքների պաշտպանության գրասենյակ։))) Էն ազգը, որին ավստրիական եսիմ որ գեղի մորուքապանն ավելի հետաքրքիր է, քան սեփական երկրի ջրմուղկոյուղու մակարդակի խնդիրները, երբեք չի կարող երջանիկ ապրել։ Եվրոպան մորուքի խնդիրներով է զբաղված, որովհետև եվրոպական ՀԿ–ները նախևառաջ զբաղվել են երկրի որբերի, ջրմուղկոյուղու, մաքուր շքամուտքերի, չթքված ու չծամոնված փողոցների խնդիրներով։ Ի՞նչ իրավահավասարության ու իրավապաշտպանության մասին է խոսքը, երբ այդ գործով զբաղվողները զուրկ են բարեկրթությունից… Ինչպե՞ս կարելի է տարիներ շարունակ վճարվել կանանց դեմ բռնության ծրագրերով զբաղվելու համար (ու չգիտես՝ ինչու, քաղաքացիաիրավական մեր համակարգի օրենքները մեկընդմիշտ ու ի սկզբանե համարվում են անբավարար, իսկ ահա անգլիսաքսոն իրավական համակարգին վայել բզկտված օրենքիկները համարվում են կատարյալ` մեր երկրում ադապտացվելու համար), եթե դրան զուգահեռ ոչ ոք չի զբաղվում երկրի տղամարդկանց լիարժեք ու արժանապատիվ զբաղվածությամբ ապահովելու խնդիրներով, թե՞ այնքան են ՀԿ–ները կուրացել, որ երկու երևույթների միջև կապը չեն տեսնում։ Յուրաքանչյուր խնդիր կշեռքի վրա է դրված` հանուն հասարակության ներսում հավասարակշռության ապահովման (օրինակ՝ Եվրոպան, հանուն այս հավասարակշռության, խորը քննարկումների մեջ է այս ընտրական օրերիս)։ Երբ ամբողջ ունակություններն ու միջոցները դրվում են միայն մեկ նժարի վրա, ապա հասարակությունը բզիկ–բզիկ է լինում։ Որտեղ ձեր մորուքը, էնտեղ ազգի ջրմուղկոյուղին, զբաղվածության ապահովումն ու մաքուր շքամուտքները…