17:56 , 15 մայիս, 2014Հին եգիպտացիները (Աֆրիկայում) և հին նախաինկերը/ինկերը (Հարավային Ամերիկայում) զարգացել են երկրագնդի հակառակ կողմերում և երբեք շփման մեջ չեն գտնվել: Այնուամենայնիվ, նրանց երկուսի միջև կարելի է նկատել զարմանալի ընդհանրություններ` հնագույն արվեստի, ճարտարապետության, սիմվոլիզմի, դիցաբանության ու կրոնի ասպարեզներում: Վիկտորյան դարաշրջանի գիտնականները, բախվելով այս հանելուկին, եզրակացրել են, որ թե՛ ինկերը, թե՛ եգիպտացիները պետք է որ սերած լինեն Ոսկե դարի միևնույն քաղաքակրթությունից: Վիկտորյան դարաշրջանի գիտնականները այդ քաղաքակրթությունը կոչում էին «Ատլանտիդա»: Ներկայումս եգիպտացիների և ինկերի միջև առկա զուգահեռները ոչ միայն անտեսվում են ամերիկացի և Արևմուտքի այլ գիտնականների կողմից, այլև քողարկվում են: Անցյալի ամենափայլուն գիտնականները հավատում էին, որ Ատլանտիդան իրականում գոյություն է ունեցել: Նրանք հետևյալ կետերով էին հիմնավորում իրենց դիրքորոշումը:

Բուրգեր

Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը անապատում գետերի երկայնքով կառուցում էին քարե բուրգեր և աստիճանական բուրգեր: Երկու դեպքում էլ հանգուցյալներին թաղում էին դրանցում:
Մումիաներ

Թե՛ եգիպտացիները, թե՛ ինկերը զմռսում էին դիակները, ինչը խորհրդանշում էր կյանք մահից հետո: Մումիաները թաղվում էին բուրգերի ներսում՝ հաճախ ուտելիքի և անձնական պիտույքների հետ միասին: Մշակույթի երկու ներկայացուցիչներն էլ հավատում էին, որ մահից հետո կյանք կա:
Խաչված թևերով մումիաներ

Թե՛ եգիպտացիները, թե՛ ինկերը խաչում էին զմռսված դիակների թևերը: Սա արվում էր ցույց տալու համար հավասարակշիռ վիճակը, որը մահանալուց հետո ստեղծվում էր հանգուցյալի մոտ: Երկու ձեռքերը ցույց են տալիս հակադիր կողմեր, որոնք հավասարակշռության են գալիս:
Թաղման ոսկե դիմակներ

Թե՛ եգիպտացիները, թե՛ ինկերն իրենց հանգուցյալներին ոսկե դիմակներ էին հագցնում: Այս դիմակները խորհրդանշում էին, որ նրանք վերստին մուտք են գործում հավիտենություն, ոտք դնում երկնքում գտնվող հավերժական և հոգևոր տուն, որը տարբերվում է այս ժամանակավոր աշխարհից: Ոսկե դիմակներ հագցնելու հիմքում ընկած է նաև այն գաղափարը, որ մինչ այս հավերժական հոգիներն այս աշխարհում էին, նրանք մարդկային կերպարանք ստանձնեցին և այն վերածեցին ոսկու:
Կենդանիների հակադիր գլուխներով վզնոցներ

Թե՛ եգիպտացիները, թե՛ ինկերն իրենց հանգուցյալներին զարդարում էին ոսկե վզնոցներով: Այդ վզնոցների երկու կողմերում կենդանիների գլուխներ էին, որոնք ուղղված էին դեպի դուրս: Այդ վզնոցները խորհրդանշում էին մեր մարդկային/կենդանական ուժերը, որոնք հավասարակշռված են:
Միանման քարագործություն

Թե՛ եգիպտացիները, թե՛ ինկերը կառուցել են շատ նման քարե կառույցներ: Անգամ քարե ելուստները քանդակելու տեխնիկան էր բավականին նման այս երկու մշակույթների մոտ: Ի՞նչն է սրա պատճառը և ինչպե՞ս կարող է սա բացատրվել:
Մանրակրկտորեն կառուցված քարե շինություններ

Թե՛ եգիպտացիները, թե՛ ինկերը միլիմետրի ճշգրտությամբ քարե կառույցներ էին ստեղծում: Քարերն այնքան խիտ էին շարված, որ երկու քարի միջև անգամ բարակ թղթի կտորը հազիվ էր մտնում: Հաճախ այս ամենն արվում էր առանց հավանդի օգտագործման: Սա խորհրդանշում է կատարելության հասնելու ձգտումը, որը մոտեցնում է մեզ մեր երկնային տանը:
Դռների սեղանաձև բացվածքներ/ սեղանաձև մուտք

Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը կառուցել են դռների սեղանաձև բացվածքներ, որոնք հոգևոր վերելք էին խորհրդանշում: Սեղանը նման է եռանկյունու, որը խորհրդանշում է համբարձում և հոգևոր կատարելություն: Սեղանաձև մուտքը հատուկ է բազում հնագույն մշակույթներին: Այն կապված է մարդկության ֆուտուրիստական վիճակի հետ, որն առկա է եղել հեռավոր անցյալում, երբ մարդիկ հանգիստ էին ու հասել էին նիրվանային: Դռան այս բացվածքը մեր նախնիների ունեցած մեծ իմաստության խորհրդանիշն է:

Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը երկու համաչափ օձ էին կառուցում տաճարների մուտքի վերևի հատվածում: Այստեղ արտացոլված է համաչափ դիրքում գտնվող օձերի շնորհիվ հակադիր էներգիաները հավասարակշռության բերելու գաղափարը: Այդ դռներից ներս քարոզվում էր մարդու էության հակադիր կողմերը հավասարակշռության բերելու գաղափարը:
Երկարավուն գանգեր

Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը երկարացնում էին իրենց երեխաների գանգերը՝ նրանց հոգևոր խորատեսությունը բարելավելու համար: Առաջին հայացքից տարօրինակ այս սովորույթը բավականաչափ չի ապշեցրել ժամանակակից գիտնականներին: Հակառակ դեպքում նրանք ավելի հաճախ կանդրադառնային այս թեմային: Գանգի ձևափոխման սովորույթը տարածված է եղել աշխարհի տարբեր վայրերում: Երեխայի գանգը երկարացնելու համար կիրառվում էր ֆիզիկական ուժ: Սովորաբար գանգի ձևը արհեստականորեն փոփոխում էին՝ երեխայի սոցիալական կարգավիճակը կամ ազգային պատկանելիությունը ցույց տալու համար: Կա նաև մի տեսակետ, ըստ որի՝ որոշ ցեղախմբեր դիմել են գանգի երկարացման զուտ գեղագիտական նպատակներից ելնելով:
Հուշասյուներ (հիերոգլիֆներով)

Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը կառուցում էին սրբազան հուշասյուներ իբրև տղամարդկային մեծ հզորության, պտղաբերության, երկարակեցության և ուժի խորհրդանիշ: Մարդիկ մեծարանքով էին վերաբերում հուշասյուներին: Դրանք ամենահարգի կառույցներից էին:
Ամրակուռ տաճարներ

Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը կառուցում էին ամուր շինություններ՝ հատուկ թեքություն տալով դրանց: Դրանք անգամ երկրաշարժից չէին փլուզվում: Այդ շինությունները բարեհաջող կերպով հաղթահարել են ժամանակի փորձությունը:
Արևապաշտություն

Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը արևային սիմվոլիզմն օգտագործում էին իբրև իրենց կրոնի ուրույն մասը: Եգիպտոսում արևի աստվածը Ռան էր, իսկ Պերուում՝ Ինթին: Երկու մշակույթներում էլ Դուք եք արևի աստվածը, արևը Ձեր և Ձեր հոգու խորհրդանիշն է: Դուք հավերժական աստվածային արև եք: Դուք կամավոր դարձել եք ֆիզիկական գոյ, սակայն այժմ մոռացել եք Ձեր բուն հոգևոր եսը, Դուք կորցրել եք Ձեր ուղին դեպի տուն:
Արևային սիմվոլիզմ

Թե՛ հին եգիպտացիների, թե՛ ինկերի արևային խորհրդանշանների վրա պատկերված էին համաչափ դիրքով կենդանի-աստվածներ: Արևը պահում է հավասարակշռությունը ձմռան և ամռան, սառնամանիքի ու տապի միջև: Կարևոր է նաև, որ մեր սեփական ներքին արևները (արևը խորհրդանշում է մեր հավերժական հոգին) նույնպես հավասարակշռության բերեն մեր դրական ու բացասական էներգիաները, պահանջմունքները, բնազդները՝ այդ կերպ ապահովելով բնության հետ ներդաշնակ կապը:
Ճակատի վրա կենդանու պատկեր

Թե՛ հին եգիպտացիների, թե՛ ինկերը իրենց ստեղծագործություններում օգտագործել են «կենդանին ճակատի վրա» մոտիվը՝ երրորդ աչքի գաղափարն ընդգծելու համար: Երկու մշակույթների ներկայացուցիչներն էլ հասկանում էին, որ մենք կարող ենք ընկնել տրանսանման վիճակի մեջ, որում մենք «արթնացնում» ենք մեր, այսպես կոչված, ներքին աչքը՝ հայտնի նաև որպես երրորդ աչք: Համարվում էր, որ այն գտնվում է աչքերից վեր՝ աչքերի միջև ընկած հատվածում:
Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը ստեղծել են աստիճանական դիզայնով ստեղծագործություններ, ինչը խորհրդանշում է աստիճանական վերելքը, որի շնորհիվ մարդ հոգևոր աճ է գրանցում: 100 մղոն ճանապարհն էլ առաջին քայլից է սկսվում: Հնարավոր չէ մեկ օրում գտնել քո իսկ ներսում բնակվող Քրիստոսին կամ Բուդդային: Դրա համար ժամանակ ու ջանք է պետք ծախսել:
Եռանկար տաճարներ

Թե՛ հին եգիպտացիները, թե՛ ինկերը կառուցել են միանման եռանկար տաճարներ: Եռանկար դիզայնը համաշխարհային տարածում ունեցող ճարտարապետական միտում է: Այն զարդարում էր եկեղեցիները և խորհրդանշում այն համընդհանուր կրոնը, որը տարածված է եղել հին աշխարհում: Այդ կրոնը հիմնված է հակադիրների հավասարակշռության բանաձևի վրա, որը նկարագրված է վերևում: Երկու կողքի դռները խորհրդանշում են հակադիրները (մեր ժամանակավոր եսի աջ ու ձախ կողմերը), իսկ մեջտեղի դուռը խորհրդանշում է հավիտենության կենտրոնական կետը (կենտրոնական հավերժական եսը): Հետագայում եռանկար տաճարներ սկսեցին կառուցել նաև ֆրանկմասոնության հետևորդները:
Շարունակելի...