Շոուբիզնեսը, տեսահոլովակներն ու սերիալները քայքայիչ ազդեցություն ունեն ընտանիք գաղափարի վրա


12:43 , 15 մայիս, 2014

Նոր բան չեմ ասի, եթե կրկնեմ, որ ամուր ընտանիքը ամուր ազգի և պետության հիմնաքարն է. դա գիտեն բոլորը: ԽՍՀՄ-ը աչքիս լույսը չի, բայց այդ պետությունը ամուր ընտանիքի կողմնակից էր: Կոմունիստական գաղափարախոսության հետ համամիտ չեմ, բայց ընդունում եմ, որ այն իր մեջ պարունակում էր ամուր և նորմալ ընտանիքի միտքը: Երբ ԽՍՀՄ-ը ստեղծվեց, նրա կազմի մեջ բռնի կամ կամավոր ընդգրկված ազգերը ունեին իրենց ամուր ընտանիքի մասին գաղափարը՝ կապված իրենց կրոնական և ազգային ավանդույթների հետ: Խորհրդային իշխանությունները իրենց գաղափարական ուսմունքի համաձայն՝ սկսեցին մարդկանց մեջ սերմանել ամուր և առողջ ընտանիքի գաղափարը՝ շատ դարեր առաջ այդ հարցով առաջացած ավանդույթները դուրս մղելով: Ինչևէ, նրանք տարբեր ազգերին ուզում էին մեկ ընդհանուր հայտարարի բերել այդ հարցում. ճիշտ կամ սխալ լինելը այլ հարց է: Այդ ժամանակ, հանած գաղափարախոսական մոտեցումները, ասվում էր, որ երկրին պետք է առողջ ընտանիք՝ հայր, մայր, երեխաներ, ցանկալի է տատիկ և պապիկ, որից թոռները բան կունենան սովորելու: Մինչ ԽՍՀՄ-ի կազմավորումնել մեր մեջ կար դա. հիշենք բազմամարդ նահապետական ընտանիքները, որտեղ ապրում էին մի քանի սերնդի ներկայացուցիչներ: Գնահատվում էր ծնողը՝ սիրվում և հարգվում, պապը և տատը սիրվում էին պաշտամունքի հասնելու չափ: Վերջին 23 տարիների ընթացքում մեր հասարակությունը ենթարկվում է ինֆորմացիոն և քարոզչական գրոհի՝ ընտանիքի գաղափարը արևմտյան շատ հասարակությունների պես ոչ կարևոր էլեմենտ դարձնելու համար: Սերիալները, տեսահոլովակները, համաշխարհային շոուբիզնեսի աստղերի վարքը և կենցաղը ազդում են բացասաբար: Նրանցից սովորում են, որ պարտադիր չէ ամուսնանալ, որ երեխա ունենաս. կարելի է ուղղակի ընկերոջ հետ երեխա ունենալ, պարտադիր չէ, որ երեխան պապա և մամա ունենա. կարող է պապա ու պապա կամ մամա ու մամա ունենալ: Սովորեցնում են բրազիլական սերիալները, որ լավ բան է կարճ կիսաշրջազգեստ հագնել կամ պորտը բաց ման գալ: Այդ հագուստի քարոզն էլ է ընտանիքների վնաս տալիս. Հայաստանը արևադարձային Բրազիլիա չէ, որտեղ ձմեռն էլ շոգ է, ուստի շատերը մոդային զոհ գնալով, չբերություն են ձեռք բերում. էլ չասեմ այդ հագուկապի վերաբերյալ ավանդապաշտ հայերի գնահատականը: Ֆիլմերից տեսնում են, որ կարելի է մուննաթ գալ ծնողի կամ տատի պապի վրա, և դա բացասական ազդեցություն է ունենում: Տատի-պապի թաղմանը ղժժացողներ ջան, վաղն էլ ձեր թաղմանն են ղժժալու, ծնողի պես ծնողիդ ծնողն էլ է սրբություն: Եկեք հիշենք, որ ամուր ընտանիքը ազգի ապագայի գրավականն է, և գրողի ծոցը ուղարկենք մեր ընտանիքը քայքայել ցանկացող ամեն երևույթ: