11:16 , 15 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ կառավարության նախորդ նիստում հավանության արժանացավ «Բուսասանիտարիայի մասին», «Անասնաբուժության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» «Կերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Այդ օրինագծերը պետք է համապատասխանեցվեն Մաքսային միության նույն ոլորտին առնչվող օրենսդրությանը:
Արդյո՞ք օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կար և ո՞րն է նպատակը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս բոլոր օրենքները նախ պետք է դիտարկել մեկ ամբողջականության մեջ, քանի որ մեկը մյուսի շարունակությունն է: Այդուհանդերձ, Բ.Պիպոյանի համար անհասկանալի է, թե ինչու են օրենքներում փոփոխություններ կատարում. սովորաբար օրենքում փոփոխություններ են կատարում, երբ հին օրենքը ինչ-որ խնդիրներ չի կարգավորում:
«Հիմա խնդիրն այն է, որ նախորդ օրենքներն ամբողջությամբ չեն սպառել իրենց»,-ասում է նա:
Պիպոյանի խոսքերով` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է տվյալ ոլորտների վերահսկողությունը. «Եթե խնդիրը վերաբերում է զուտ ինստիտուցիոնալ փոփոխություններին, օրինակ` ՍԱՊԾ-ի փոխարեն գործառույթն այսուհետև իրականացնի գյուղատնտեսության նախարարությունը, ապա որոշակի տրամաբանություն կա, բայց այս դեպքում ևս որոշ դրույթներ վերանայման կարիք ունեն»:
Միաժամանակ, ՀԿ նախագահը նշեց, որ նոր օրենքը ևս չի կարգավորում այն, ինչը մտահոգիչ էր և չէր կարգավորվում հին օրենքով: Օրինակ` բուսական մթերքի անվտանգության հարցը, որը չի լուծվել ինչպես նախորդ, այնպես էլ նոր օրենքով. «Այսինքն` այն հարցերը, որոնք ի սկզբանե հասարակության, առանձին կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել են որպես խնդիր և լուծում են պահանջել, ի վերջո դրանք նորից բաց են մնում»:
Անդրադառնալով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքին, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ նախորդ օրենքի համաձայն մինչև 2015թ-ը բոլոր արտադրողների մոտ պետք է ներդրվի HACCP անվտանգության համակարգ, սակայն մինչ օրս որևէ արտադրող այդ հարցը չի լուծել: Այսինքն` օրենքը հնարավորություն էր տալիս կարգավորելու խնդիրը, բայց իրականում ոչինչ էլ չի արվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ