09:22 , 15 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Չնայած այն բանին, որ ծխախոտի վաճառքն անչափահասներին արգելված է ԱՄՆ-ում, ծխախոտի պլանտացիաների տերերը չեն դադարում օգտվել մանկական աշխատուժից: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կարծիքով՝ աշխատել ցանկացող դեռահասները տառապում են նիկոտինային մշտական թունավորումից:
ԱՄՆ-ում ծխախոտի պլանտացիաներում աշխատանքը լուրջ վտանգի է ենթարկում երեխաների առողջությունը: Նրանցից շատերը սկսում են աշխատել 12 տարեկանից:
Կազմակերպության աշխատակիցները հարցման են ենթարկել Հյուսիսային Կարոլիանյում, Կենտուկիում, Թենեսիսում և Վիրջինիայում ծխախոտի պլանտացիաներում աշխատող ավելի քան 140 երեխաների: Հարցումն անցկացվել է 2013-ի մայիսից հոկտեմբեր ամիսներին: Նրանցից շատերը խոստովանել են, որ մշտապես զգում են նիկոտինային ուժեղ թունավորման ախտանշաններ՝ սրտխառնոց, ախորժակի կորուստ, գլխապտույտ և գլխացավ:
«Երբ ավարտվում է ուսումնական տարին, երեխաները գնում են ծխախոտի պլանտացիաներում աշխատելու, որտեղ անխուսափելիորեն ենթարկվում են նիկոտինի ազդեցությանը՝ չծխելով ոչ մի սիգարետ»,- The Guardian-ը մեջբերում է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետ Մարգարեթ Վերթի խոսքերը:
Չնայած այն բանին, որ ծխախոտի պլանտացիաներում մանկական աշխատուժի օգտագործումը 12 տարեկանից միանգամայն օրինական է, օրենքն արգելում է երեխաներին աշխատել ուսումնական տարվա ընթացքում: Նրանք աշխատում են արձակուրդներին՝ հենց ծխախոտի հավաքման սեզոնին:
2011-ին ԱՄՆ աշխատանքի նախարարությունն օրենսդիրների դիտարկմանն է ներկայացրել օրենքի փոփոխությունները, որոնք արգելում են մինչև 16 տարեկան երեխաներին ծխախոտի հավաքմամբ զբաղվել, սակայն 2012-ին դրանք չեղյալ են հայտարարվել: