Նամակ


16:12 , 26 հուլիս, 2012

Ուզում եմ մի քիչ զրուցել հետդ, մանավանդ, որ ինձնից սրտացավ էլ ո՞վ ունես: 
Է՜հ, ինչ ասեմ ... դու ապրում ես, ես էլ եմ ապրում: Դու ապրում ես`հիմար-հիմար կարծելով, թե ինչ անում ես, իմ համար ես անում, իսկ գիտե՞ս, թե հիմա ես, որ քո վաղն եմ, ինչո՞վ եմ զբաղված: Իմ համար “ապրածիդ” պտուղներ եմ ծամում: Դառն են, կծելիս ուռում-լռվում են բերանիս մեջ, սրտխառնոցը դեմ է գալիս կոկորդիս: Դրանց զզվելի համից գիտես ինչքա՞ն եմ փսխել:Չգիտե՜ս...եթե իմանայիր քեզ այդպես չէիր պահի: Ապրածիդ վրա լացս գալիս է: Ամեն արած քայլիդ մեջ չեկած ապագան փչացնելու վախ կա: Ուղեղդ հալել գոլորշի են դարձրել: Չուտես, չխմես , չհամբուրես, չքնես, չարթնանաս ...մի խոսքով,տես հա, չսխալվես: Ու դու հաշվարկում ես ամեն մանրունք, միայն թե...միայն թե դու այդպես էլ մաթեմատիկոս չդարձար, բոլոր թեորեմներն իրար խառնեցիր, բոլոր աքսիոմները փորձեցիր թեորեմ դարձնել ու կրկին ապացուցել: Ապացուցեցի՞ր... որտեղի՜ց: Միլիոն տարի առաջ են ապացուցվել բոլոր աքսիոմները, ու արդեն միլոն տարի հայտնի է, որ նրանք ապացուցման կարիք չունեն...Կյանքի միակ աքսիոմը կյանքը բավարար ու պռնկե-պռունկ ապրելու մեջ է: Դրա ինչն ապացուցես: Ապացույցը հենց պրոցեսն ինքն է, որում համոզվում ես, երբ շնորհակալ իրականությունը իր ողջ գեղեցկությամբ դիմացդ է կանգնում` տասնհինգ տարեկանում սրտի թռթիռով առաջին սիրուդ տված առաջին համբույրից ապրած հաճույքի, սիրածդ մարդուց ծնված երեխայիդ մեջ նրան նորից հայտնաբերելու ու այս անգամ արդեն վերջնական ու անվերադարձ սիրով սիրելու, նրանց համար ամենօրյա խնամքի հոգսից մազոխիստական բավարարություն զգալու, ծովափին ջահել օրերին արած գժությունների`տաք կարոտով պարուրված հիշողությունների ու... է՜հ, չգիտեմ էլ ինչ բաների ձևով: Չես հավատո՞ւմ, գնա քարե դար ու այնտեղ հարցրու: Իսկ դու, հիմար ծաղրածու, իմ համար ինչ ես ապրում,ի՜մ, այլ ոչ թե մյուսների, ուրիշների, նրանց համար, որ հայր ,մայր, եղբայր քույր , հարևան, բարեկամ են կոչվում: Ախր դու այս ի՞նչ ես անում: Թանկագին ժամանակդ ուրիշներին ես տալիս, որպես չվերջացող ու մատչելի նվեր, փոխանակ սեփական սխալներիցդ փորձ ծնես ու ինձ ժառանգես: Հիմա աղքատ եմ, մի կերպ հնից մնացած շորերով մերկությունս, չէ՛, մերկությունդ եմ ծածկել, որ ամոթդ աշխարհի աչքը չծակի... Նրանք մեղք են, հո երեսով չենք տալու, որ աղքատանալու գնով ենք հարստացրել իրենց: Ես ու դու վաղուց գիտենք`նվերը հետ չեն ուզում: Արի ծածկվենք մեծահոգությամբ, տղամարդավարի մեղքը մեր ուսերին վերցնենք ու առաջ նայենք: Արի ապրենք, որ վաղը ինձ ու քեզ ժառանգելու բան ունենանք:
Մի հրաշք լիներ, ժամանակի մեջ սև անցք գտնեի ու նամակս քեզ հասցնեի: Ի վերջո ինձնից իրական էլ ոչ ոք չունես: