15:28 , 13 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Մաշտոցի պուրակից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված 7 ակտիվիստից 3-ն արդեն դուրս են եկել: Քաղաքացիական ակտիվիստ Ռոլանդ Թմոյանին, պուրակ հասնելուն պես, 4 ոստիկան բռնի ուժով նստեցրել էին մեքենան և բերման ենթարկել: Հասարակական կարգ չի խախտվել, ոստիկանական որևէ պահանջ չի եղել, ուստի իրեն բերման ենթարկելը Ռոլանդը համարեց ապօրինի: Նա նշեց, որ ակցիային մասնակցելու չէր եկել, այլ ընկերներից մեկին տեսնելու: Ասաց, որ եթե որոշել են Մաշտոցի պուրակը վերանվանել Միսաք Մանուշյանի անունով, ապա պետք է առնվազն հանրային քննարկում լիներ:
Բերման ենթարկվածներից քաղաքացիական ակտիվիստ Միքայել Էլիզբարյանն էլ ոստիկանությունից պահանջել էր փաստաթուղթ, թե ինչու են իրեն բերման ենթարկել: Պատասխանը՝ ոստիկանների պահանջին չի ենթարկվել, համարում է անհիմն: Նա նշեց, որ ճանապարհին ոստիկանները չորս հոգով հրմշտել են ոստիկանական մեքենայի մեջ: Կենտրոնականի բաժնում ամեն ինչ նորմալ է ընթացել: Ոստիկանների կողմից բռնություն չի կիրառվել:
Քիչ առաջ դուրս եկավ նաև բերման ենթարկված Աննա Շահնազարյանը: Քաղաքացիական ակտիվիստ Անի Խաչատրյանը, ով նույնպես բերման է ենթարկվել, այս պահին փաստաբանի հետ ոստիկանների դեմ բողոք է ներկայացնում:
Քաղաքացիական ակտիվիստ Դվին Իսանյանսը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանները բերման ենթարկելու ճանապարհին իրեն ծեծել են, բռնություն գործադրել: Ոստիկանությունում նա նույնպես բացատրություն է տվել այդ մասին և ցույց տվել որովայնի շրջանում բռնության հետքերը, ցավում է ոտքը: Մեքենայի մեջ փորձել են վերցնել նրա հեռախոսը, հայհոյել են: Ոստիկանությունում Դվինը ամեն ինչ հանգամանորեն ներկայացրել է: