Մահացել է դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը` Ծիծաղի թագուհին


17:56 , 12 մայիս, 2014

Մահացել է դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը` Ծիծաղի թագուհինPanorama.am-ը գրում է.

84 տարեկան հասակում վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, Հայաստանի կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ Սվետլանա Գրիգորյանը: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

«Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, Ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ: Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր,կյանք էր...», -ասել է Միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Սվետլանա Գրիգորյանը բոլորիս հայտնի «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ տիկին Ռոզի կերպարն է կերտել:

Ըստ Վիքիպեդիայի, Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։
Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ