16:48 , 12 մայիս, 2014
Ավելի հետաքրքիր ու բազմաշերտ է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «կործանվում է... կործանելուն» արտահայտությունների մեկնությունը:
Նկատեմ՝ ընդամենը մեկ նախադասության մեջ այս մարդը հասցնում է երկու անգամ օգտագործել ապոկալիպտիկ սցենարին հղում անող այս բառը: Եվ ընդհանրապես, 2007 թ. այս կողմ այս մարդու յուրաքանչյուր տեքստ (հատուկենտ բացառություններ կլինեն, անկասկած) հագեցած է ապոկալիպտիկ, էսխատոլոգիական սցենարների նկարագրությամբ և, համապատասխանաբար, «կործանվել» բառով, որ ամենադիպուկն է արտահայտում այդ սցենարները և այլ համաատեքստում, ըստ էության, չի էլ գործածվում: Ասել է թե՝ միանշանակ է:
Հաճախ անգամ դժվար է մի անգամից կողմնորոշվել՝ քաղաքակա՞ն տեքստի հետ գործ ունես, թե կրոնական: Սիրուն բառի (համեմատության) համար չէ, որ սա ասում եմ:
Տեսե՛ք, «կործանում» եզրը քաղաքականության մերժումն է, դրա բացառումը: Քաղաքականությունը մշակույթ է, աշխատանք: Կործանումը՝ մշակույթի վերջը... մոխիր...
Կործանվող երկրին, հանրությանը ոչինչ այլևս պետք չէ՝ ո՛չ աշխատանք/աշխատող, ո՛չ քաղաքականություն/քաղաքական գործիչ... ՓՐԿԻՉ է պետք:
Դժվար է ենթադրել, որ այս մարդը, որ ըստ մասնագիտության կյանքի մի զգալի մասն անցկացրել է միջնադարյան տեքտեր ընթերցելով, չի նկատում նման «մանր բաներ»:
Ժամանակին նման մի բան գրել եմ այս մարդու հանրային վերածննդի մասին: Կարող է, իհարկե, այս համատեքստում հարցեր լինեն նրա համակիրներին (օրինակ՝ իրենք իրենց որպես ինչ են դիտում՝ քաղաքական գործիչնե՞ր, թե սեկտայի անդամներ), բայց դա արդեն իմ խնդիրը չէ:
Ի դեպ. բոլորն են նկատում, իհարկե, որ վերջին մի քանի տարիներին «կործանում» եզրը ամենագործածվողն է դարձել Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական բառարանում: Ենթադրում եմ, որ արդեն այս դեպքում սա սիրուն բառի համար է՝ բոլորին «կործանում» բառն ավելի սիրուն է երևում, քան, ասենք, «քանդվելը», և ընդհանրապես այս ամենը մոդայի նման մի բան է դառնում...
Թե՞ փրկիչների բանակն է օրեցօր աճում: