Հարց իրավաբանին. Ո՞ր դեպքերում, ի՞նչ կարգով է սահմանվում խնամակալություն, և կարո՞ղ է այդ ժամանակաշրջանը հաշվառվել աշխատանքային ստաժում կենսաթոշակ նշանակելիս


20:00 , 12 մայիս, 2014

Հարցը ԲլոգՆյուզի խմբագրություն է ուղարկել մեր ընթերցողուհի Ա. Գ. 

Հարցը

Ես՝  Ա. Գ.-ս ապրում եմ առաջին կարգի հաշմանդամ ամուսնուս և դստերս հետ 
Ամուսինս 1995 թվականին հիվանդացել է ցրված սկլերոզ(рассеянний склероз) հիվանդությամբ որը բերում է հաշմանդամության1997թվականից չի կարողանում ինքնուրույն շարժվելունի մշտականխնամքի կարիքորի պատճառով ես չեմ աշխատւմԴիմել եմ դատարանորպեսզի ստանձնեմ ամուսնուս  խնամակալությունըոր այս տարիները գոնե աշխատանքային ստաժ հաշվվենբայց քանի որ ամուսինս  գիտակից վիճակում է հոգեկան խնդիրներ չունիինձ միայն օգնական (պատրոն) են նշանակել
Խնդրում եմ պարզաբանել ՀՀ աշխատանքային և քաղաքացիական օրենսգրքերով ի՞նչ օրենքներ են սահմանված, ինչպե՞ս կարող են այս տարիներըոր ներդրել եմ ամուսնուս խնամելու համարերբ կարող էի պարզապես աշխատել և հետագայում ապահովել ծերությունսաշխատանքային ստաժ համարվեն ու էսպես դատարկ չկորչեն: Կանխավ շնորհակալ եմ:

 

Պատասխան

Խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ: Հոգաբարձությունը սահմանվում է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:

Խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության ու հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը` մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ նշված մարմնին հայտնի է դարձել քաղաքացու նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտությունը: Խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի նկատմամբ, մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններն իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը: Խնամակալը կամ հոգաբարձուն նշանակվում է իր համաձայնությամբ, իսկ հնարավորության դեպքում պետք է հաշվի առնվի նաև խնամարկյալի ցանկությունը:

Չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, նրա նկատմամբ կարող է սահմանվել պատրոնաժ: Խնամակալության և հոգաբարձության մարմինը չափահաս գործունակ քաղաքացու պատրոն (օգնական) նշանակում է տվյալ քաղաքացու համաձայնությամբ: Չափահաս գործունակ քաղաքացու գույքը տնօրինում է պատրոնը (օգնականը)` քաղաքացու հետ կնքված հանձնարարության կամ հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա: Քաղաքացու ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ: Չափահաս գործունակ քաղաքացու նկատմամբ սահմանված պատրոնաժը դադարում է պատրոնաժի ներքո գտնվող քաղաքացու պահանջով:

Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվարկվում է հետևյալ ժամանակաշրջանը. ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում, սակայն տասը տարուց ոչ ավելի: Հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի հաշմանդամության խմբի և ժամանակահատվածի մասին տեղեկանքով, իսկ խնամակալ ճանաչված լինելու դեպքում` նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:

 Հայկազ Գալստյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ


Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: