13:59 , 12 մայիս, 2014
Հարևան պետությունները պատմական փաստեր են խեղաթյուրում, փաստաթղթեր կեղծում և արհեստածին «հերոսների» հրամցնում աշխարհին, իսկ մենք աշխարհի կողմից ընդունված և գնահատված մեր մեծերի մեծությունը կասկածի ու քննարկման հարցի տակ ենք դնում: Ջիվանին լիներ` կասեր. «Խելքի աշեցեք»: Անաստաս Միկոյան՝ պետական և քաղաքական գործիչ, ականավոր ՀԱՅ: Պատմական այս կերպարի կյանքից կուզենայի նշել մի քանի փաստեր. Անդրանիկի հետ կռվել է թուրքերի դեմ: 1937 թվականին գնդակահարությունից փրկել է մարշալ Հովհաննես Բաղրամյանին: 1943 թվականին Մեծ Հայրենական պատերազմի տարիներին շրջափակման մեջ գտնվող Լենինգրադից դուրս է բերում գիտնական-ակադեմիկոս, արևելագետ, հասարակական գործիչ Հովսեփ Օրբելուն և վերջինիս նախագահությամբ հիմնում Հայաստանի Ազգային Գիտությունների Ակադեմիան: Իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի էլեկտրաֆիկացման հարցում` հիմնելով 3 մեծ հիդրոէլեկտրակայաններ: Վերականգնել է հայրենիքից օտարված, բայց հայրենիք վերադարձած Ավետիք Իսահակյանի հեղինակությունը: Երևանին փրկել է փոշուց և կանաչապատել քաղաքը: Անտոն Քոչինյանն իր հուշերից մեկում նշում է, որ տարբեր հարցերով Մոսկվայից ֆինանսավորում ստանալու ժամանակ դիմել է Միկոյանին ու ստացել համապատասխան օժանդակությունը: Եթե կա մի հայ, ում անունը նշվել է աշխարհահռչակ «Թայմս» ամսագրում, ում նկարը եղել է շապիկին և ում անվանել են «Տարվա մարդ», ապա այդ մարդն Անաստաս Միկոյանն էր` հայ, ով փրկեց աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմից(Կարիբյան ճգնաժամ): Իսկ եթե Անաստաս Միկոյանը բացահայտ կերպով ընդվզեր ու ընդդիմանար Խորհրդային հասարակարգերի դեմ, գնդակահարվեր, չհասցներ անել այս գործերը հայրենիքի համար, այդ ժամ նրան հերո՞ս կկոչեիք, առանց երկմտելու արձա՞ն կկանգնեցնեիք...