Հայաստանի տարածքում գործում է շուրջ 900 գրադարան: Դրանցից հիմնական մասը քաղաքային և գյուղական գրադարաններն են: Հայաստանի ազգային գրադարանը շրջիկ գրադարանի միջոցով այցելություններ է կատարում մարզեր և աջակցում ֆոնդերի համալրման գործում: Տրամադրվում է գեղարվեստական, ճանաչողական, պատմագիտական, տնտեսագիտական իրավաբանական և այլ տիպի գրականություն: Բացի այդ տեղում ծանոթանում են առկա խնդիրներին ու բացթողումներին: Դրանց շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Ռաֆիկ Ղազարյանի հետ:
-Պարոն Ղազարյան, ի՞նչ վիճակում են գտնվում մարզերի գրադարանները:
-Դժվար է միանշանակ ասել, որ բոլորը վատ կամ լավ վիճակում են: Օրինակ, մարզային գրադարանների վիճակը բավական բարելավվել է, դրանք գործում են Մշակույթի նախարարության ենթակայությամբ: Այն գրադարանները, որոնք համայնքներին են պատկանում, այդտեղ խնդիրները բազմաթիվ են: Դրանք վերաբերում են և՛ գրականությամբ համալրմանը, և՛ շենքային պայմաններին, և՛ կադրային խնդիրներին: Շատ գրադարաններում նույնիսկ համակարգիչներ չունենք:
-Օրինակ, նշվում էր, թե տեղեր կան շենքային պայմաններն այնքան վատն են, որ նույնիսկ գրքերը պահպանելու խնդիր կա:
-Այո, ճիշտ եք, օրինակ` վերջերս մենք այցելեցինք Կոտայքի մարզ, եղանք Զորավանք գյուղում: Տեղի կուլտուրայի պալատը, որտեղ տեղակայված է գրադարանը, բետոնածածկ է, շատ վատ վիճակում է: Բայց դրան հակառակ, նույնը չես կարող ասել Նոր Երզնկա, Քասախ գյուղերի մասին, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները: Երկուսն էլ նույն մարզի մեջ են չէ՞ գտնվում: Այստեղ կա այն հարցը, թե գյուղական համայնքը կամ գյուղապետը ինչ ձևով են վերաբերում գրադարանին:
