13:16 , 12 մայիս, 2014
Slaq.am-ը գրում է.
Գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հերքում է, որ կոնֆլիկտ է ունեցել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի հետ: Այս մասին նա ասացSlaq.am-ի լրագրողի հետ զրույցում:
՛՛Մամուլում շրջանառվող լուրերն ամբողջությամբ սուտ են: Նման բան չկա: Ես անձամբ նրան չեմ ճանաչում, քանի որ իրար հետ որևէ առնչություն չենք ունեցել՛՛,- մեզ հետ զրույցում վստահեցրեց Արթուր Ալեքսանյանը:
Slaq.am-ի հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերը, թե հնարավոր է՝ հանդես չկա Հայաստանի դրոշի տակ, Արթուր Ալեքսանյանը պատասխանեց. ՛՛Իհարկե ոչ: Նման բան չի կարող լինել: Ես շարունակելու եմ հանդես գալ Հայաստանի դրոշի տակ, բոլոր այդ խոսակցություններն աբսուրդ են՛՛:
Նշենք, որ iLur.am-ն այսօր գրել էր, թե իբր մայիսի 7-ին Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը:
Ըստ կայքի՝ մայիսի 7-ի երեկոյան` Արթուր Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ, իր ավտոմեքենայով, պարապմունքից վերադառնալիս` ձայնային ազդանշանով (դռիկով) նրան կանգ առնելու նշան է արել հետեւից ընթացող քաղաքացիական ավտոմեքենան:
Լսելով ազդանշանը` Ալեքսանյանը կարծել է, որ մեքենան ճանապարհ է ուզում և աջ է «քաշել»: Երբ ետևից ընթացող մեքենան հավասարվել է Ալեքսանյանի կողմից վարած Մերսեդեսին, ըմբիշին ձայն է տվել մեքենայի առջեւի ուղևորատեղին նստած տղամարդը. «Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որն ակնհայտ անսթափ վիճակում է եղել: «էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը եւ հանել իրեն ամրակցված ատրճանակը ու կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին (Ռաֆայելը նույնպես ըմբիշ է, մի շարք միջազգային առաջնությունների մեդալակիր): Ապա, Նադարյանն ատրճանակը լիցքավորել է և պահել Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:
Երբ ոստիկանապետի վարորդը զգուշացրել է, որ դիմացը «մեր չեմպիոնն է», Նադարյանը մի պահ շփոթվել է, հետո հապշտապ նստել է մեքենան ու հեռացել:
Ըմբիշն իր մի քանի մերձավորների հետ ավելի ուշ գնացել է Գյումրու ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու: Սակայն, ըստ մեր աղբյուրի, Նադարյանը խուսափել է հանդիպումից: Ավելին, ոստիկանության բաժանմունքն ընդհանրապես փակել են ներսից: Հաջորդ օրն Ալեքսանյաններին` բարեխոսության «առաքելությամբ» սկսել են այցելել զանազան մարդիկ, այդ թվում՝ «գողականներ» ու իրավապահներ՝ միջնորդելով հարցին ընթացք չտալ:
Սակայն, իր նկատմամբ նման ապօրինությունից վրդովված` Արթուր Ալեքսանյանը մտադիր չէ գործը հենց այսպես թողնել: Մեր հավաստի տեղեկություններով, քննարկվում է կա՛մ Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու տարբերակը, եթե լկտի ոստիկանը արժանի պատիժ չստանա, կա՛մ հացադուլ հայտարարելը գյումրեցի մարզիկներով, որոնք նույնպես վճռական են տրամադրված: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել գլխի շրջանում: