Արքայազն Չարլզը Բաղնիքի շքանշանին նվիրված արարողությանը փոխարինել է թագուհուն


00:56 , 10 մայիս, 2014

10071772991in.am-ը գրում է.

Ուելսի արքայազն Չարլզը Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդին փոխարինել է Բաղնիքի շքանշանին նվիրված արարողությանը, որը հերթական անգամ ցուցադրել է թագավորական լիազորությունների մի մասը մորից որդուն փոխանցելու փաստը, գրում է RIA Novosti-ն:

Բաղնիքի շքանշանը բրիտանական ասպետական շքանշան է, որը հիմնվել է 1725թ. Գեորգ I-ի կողմից: Շքանշանի անվանումը ծագում է պահքի հին ծեսից, աղոթքից և լվացման արարողությունից, որը բոլոր թեկնածուների համար պարտադիր էր:

Թագուհին յուրաքանչյուր ութ տարին մեկ մասնակցում է այս արարողությանը, այս տարի նա ասպետի կոչման պետք է արժանացներ 12 մարդու, սակայն, արարողության նախօրեին որոշում է կայացվել, որ այն արքայազն Չարլզը կանցկացնի:

«Որոշումը կայացվել այն նպատակով, որպեսզի թագուհու ծանրաբեռնվածությունը նվազեցվի»,- հաղորդել է Բուքինհեմյան պալատի ներկայացուցիչը՝ բացատրելով, որ 88-ամյա թագուհին ստիպված կլիներ արարողության ժամանակ շքերթային հագուստով բարձրանալ փայտե ուղիղ աստիճաններով:

Չնայած, թագուհին ֆիզիկական լավ վիճակում է գտնվում, նա օրեցօր իր արարողական պարտականություններն ավելի շատ է սկսում վստահել մոտ հարազատներին: Արքայազն Չարլզը և նրա կինը ավելի շատ են սկսել թագուհու անունից հասարակական աշխատանքներով զբաղվել, իսկ վերջերս հայտարարվել է Ելիզավետա Երկրորդի և արքայազն Չարլզի մամլո ծառայությունների միավորման մասին:

Մեծ ծանրաբեռնվածության տակ են նաև Չարլզի որդիները՝ Ուիլյամն ու Հարին: Նրանք երկուսն էլ թողել են զինվորական ակտիվ ծառայությունն ու Լոնդոն վերադարձել: Արքայազն Ուիլյամը ամբողջովին կենտրոնացել է թագավորական ընտանիքի անդամի պարտականությունների վրա, իսկ Հարին ավարտել է իր ծառայությունը և աշխատանքի է անցել մայրաքաղաքում: