Ինչպես են պատժվում մեղք գործած հոգևորականները


00:54 , 10 մայիս, 2014

Հոգեւորականի վերաբերեալ յատուկ տեսակի պատիժներ կան: Այս պատիժներին ենթարկւում են յանցաւոր կամ իրենց ծառայական պարտականութիւնները լքած մարդիկ կամ էլ գործած մեղքերի ու ապօրինութիւնների համար` ընդհանրապէս, ինչպէս կղերականները, այնպէս էլ` աշխարհականները: Հոգեւորականների համար կան երկու գլխաւոր կանոնական պատիժներ. զրկում հոգեւոր իշխանութիւնից (կարգազրկում) եւ արգելանք եկեղեցական արարողութիւններ կատարելուց (կախակայում)` զուգահեռաբար աշխարհականների համար ունենալով երկու յատուկ պատիժներ` նզովք (Սբ. Հաղորդութեան զրկում) եւ ժամանակաւոր մեկուսացում (համայնքից հեռացում): 25-րդ Առաքելական կանոնն ասում է, որ «եպիսկոպոսը, քահանան կամ սարկաւագը պոռնկութեան, ուխտադրժութեան կամ գողութեան մեջ գտնուած լինելու դէպքում թող զրկուեն հոգեւորական կարգից, սակայն չհեռացուեն եկեղեցական համայնքից»: Որովհետև ինչպէս Ս. Գիրքն է ասում. «Երկիցս վրէժխնդիր մի՛ եղիր մէկի համար» (Նաւում 1:9): Այս կանոնը շեշտելով` Վալսամոնը գրում էր. «Մի՛ ասեք, որ «Երկիցս վրէժխնդիր մի եղիր մէկի համար» խօսքերը վերաբերում են բոլոր զրկուածներին, ինչ էլ որ եղած լինի: Քանի որ արժանի հոգեւորականները զրկւում եւ հեռացւում են նաեւ ղեկավարների միջամտութեամբ կամ էլ փողի համար, ինչպէս եւ ասում են 29-րդ եւ 30-րդ Առաքելական կանոնները: Ուստի մի՛ ասեք, թէ այս խօսքերը վերաբերում են միայն ապօրինութեան պատճառով զրկուածներին, ինչպէս մատնանշուած է յիշեալ կանոններում ու նրա նման ուրիշներում»: Ահա եւ այս կանոնները. «Իսկ նա` եպիսկոպոս, քահանայ կամ սարկաւագ, ով փողով է ստանում հոգեւոր աստիճանը, թո՛ղ նզովեալ լինեն ե՛ւ ինքը, ե՛ւ ձեռնադրողը, եւ թող բոլորովին մերժուած լինեն համայնքից, ինչպէս որ Սիմոն Մոգը, որին եւ Պետրոսն է մերժել (կանոն 29)»... «Իսկ եթէ եպիսկոպոսը, աշխարհական ղեկավարներին գործածելով, նրանց միջոցով Եկեղեցում ստանում է եպիսկոպոսական իշխանութիւն, թո՛ղ նզովեալ լինի եւ հեռացուի, նաեւ բոլոր նրանք, ովքեր նրա հետ հաղորդակցւում են» (կանոն 30):
Այսպէս, հոգեւորականի համար ամենադաժան պատիժը զրկուելն է կարգից` հոգեւոր իշխանութիւնից (καϋέιρεσις): Ըստ սուրբ կանոնների` այդպիսի պատիժների ժողովուրդն էլ կարող է ենթարկուել` զրկուելով Սուրբ Խորհուրդների մասնակցութիւնից (նզովք): Ըստ Սբ. Բարսեղ Մեծի 73 կանոնի` կարգազրկւում են հերետիկոսութիւն ընդունած կամ քրիստոնէական հաւատքը լքած հոգեւորականները: Բացի դրանից, եկեղեցականը կարգազուրկ է լինում ոչ միայն մարդասպանութեան համար, թէկուզ արած լինի ակամայ կամ բոլորովին ինքնապաշտպանութեան նպատակով, (66-րդ Առաքելական կանոնն ասում է. «Իսկ ով որ կղերիկոսներից կռուի մէջ մէկին խփում է եւ մէկ հարուածով սպանում է, թո՛ղ մերժուի իր քահանայութիւնից»), այլ նաեւ անգամ ծեծկռտուքի համար, թէպէտեւ միւս մարդը յանցաւոր լինի: Այս պատժին ենթարկւում են այն հոգեւորականները, որոնք խախտել են 7 պատուիրանները (25-րդ Առաքելական կանոն, Սբ. Բարսեղ Մեծի 3, 32, 51 եւ 70 կանոնները): Ինչ խօսք, կարգազուրկ են հռչակւում նաեւ այն եկեղեցականները (սարկաւագ, քահանայ), որոնք պսակւում են ձեռնադրութիւնից յետոյ:

Վ. Ա. Ցիպին, «Եկեղեցական իրաւունք»