ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց. Առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է առաջ շարժվել


18:24 , 9 մայիս, 2014

Azatutyun.am-ը գրում է.

Առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնար է առաջ շարժվել բանակցային գործընթացում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրապարակած և ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկվող վեց հիմնական դրույթներին։ 

Ըստ փոխարտգործնախարարի, դեսպան Ուորլիքը նոր բացահայտումներ չի արել, դրանք հրապարակել են նաև համանախագահ երկրների ղեկավարները։

Քոչարյանն ասաց՝ դեսպանի հայտարարությունը պետք է ընկալել որպես բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու ցանկություն։
Առաջընթացի համար, սակայն, Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով, երկու հիմնական խոչընդոտ կա։

«Առաջին՝ որպեսզի նման բարդ հարցերում հնարավոր լինի փոխզիջումներով առաջ շարժվել, անհրաժեշտ է վստահության մթնոլորտ կողմերի միջև։ Իսկ Ադրբեջանի բոլոր քայլերը առայսօր ուղղված են ոչ թե վստահության մթնոլորտի ամրապնդմանը, այլ ճիշտ հակառակը։ Եվ երկրորդ՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք ներգրավվածության բանակցային գործընթացին անհնարին է առաջ շարժվել։ Հայաստանը մասնակցում է բանակցություններին, բայց երբեք իրենով չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվ պատահական չէ, որ եթե մենք ծանոթանանք այդ տարրերին, որոնք ժամանակին հրապարակվել էին, որոնք նորից հիշեցրեց Ուորլիքը, դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին»,- ասաց փոխարտգործնախարարը։  

Եթե այս երկու պայմանները չստեղծվեն, քիչ հավանական է, որ ամերիկացի համանախագահի ցանկությունը իրականանա, նկատեց Քոչարյանը.- «Չկա որևէ խաղաղ կարգավորում, որը իրականություն դառնա առանց իրական սուբյեկտի մասնակցության։ Դրան ընդդիմանում է Ադրբեջանը։ Ընդ որում մենք չենք դնում այդ պայմանը, դա ինքնին բնական պայման է։ Եթե ցանկություն կա, որ առաջընթաց լինի, պետք է լինի այդ երկու պայմանը՝ վստահության մթնոլորտի ստեղծում և Ղարաբաղի լիարժեք մասնակցություն։ Բաքվից անընդհատ ողբում են, որ այս իբր ստատուս քվոն պահպանվում է, բայց Ադրբեջանի բոլոր քայլերը ուղղված են այդ ստատուս քվոյի պահպանմանը»։ 

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, անդրադառնալով բանակցային գործընթացին Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, հայտարարեց.- «Կոնկրետ մասնակցությունը պետք է բանակցվի կողմերի միջև, կողքից ոչ մեկը չի կարող նման բան պարտադրել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ