18:04 , 9 մայիս, 2014
Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդն իր անցած ուղու ընթացքում ավելի շատ տառապանք, կորուստներ է տեսել, քան հաղթանակներ: Ճակատագրի բերումով գրեթե բոլոր պատմափուլերին հայ ժողովուրդը մշտապես ստիպված է եղել պայքարել սեփական գոյությունը պահպանելու համար, տեղահանումներ, ջարդեր, կոտորածներ և վերջապես ցեղասպանություն է հաղթահարել:
Եվ այս համատեքստում հայերիս մեծագույն հաղթանակը արևի տակ սեփական գոյության իրավունքի հաստատումն է, իսկ այսօր նաև պատմական Հայրենիքի մի հատվածում անկախ պետականություններ ունենալու հանգամանքը: Մինչդեռ, անշուշտ, այդ նույն ճակատագրի բերումով, մեզանում առավելապես գերակշռել են բարոյական, հոգեբանական հաղթանակները, քան առարկայականները:
Նաև վերոնշյալի տեսանկյունից են կարևոր Մայիսի 9-ի հաղթանակները՝ մի կողմից որպես ապրելու իրավունքի համար մաքառման հաղթանակած արդյունք, մյուս կողմից, որպես հայրենիքի կորցրած հատվածներից մեկի հաղթական ազատագրում:
Եվ, հետևաբար, մայիսիննյան հաղթանակները նսեմացնելու, շահարկելու փոխարեն առավել կարևոր է դրանց արժևորումը, ճշմարիտ գնահատումը՝ առարկայականից բացի, հոգեբանական կարևորությունը: Ժամանակն է, որ փոխենք մեր ընկալումները մեր իսկ մասին, մեր հոգեբանությունը, ժամանակն է, որ կորցրածի, պանդուխտի, կոտորվածի, հայրենազրկվածի, ցեղասպանվածի կերպարից դուրս գանք և պատրաստվենք հաղթածի ու շատ շուտով կրկին հաղթանակողի հոգեվիճակին. ուզենք, թե ոչ, բայց սա է միակ ճշմարիտ ուղին, իսկ ավելի ճիշտ՝ այդ ուղու ճշմարիտ մեկնակետը...
Իսկ այսօր և նման օրերին մի բան է պետք անել՝ մեծագույն հպարտությամբ ու խորը երախտագիտությամբ պատվել այդ հաղթանակները մեզ պարգևած մեր հերոսներին՝ ողջ, թե նահատակված, ուժ և տոկունություն մաղթել այսօր այդ հաղթանակը պահող զինվորին, սահմանամերձ բնակավայրում ապրող մեր հայրենակիցներին, շնորհավորանքի խոսքեր շռայլել հայրենիքում և նրանից դուրս ապրող բոլոր հայերիս...Շնորհավոր: