14:26 , 9 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Բելառուսը չի արգելափակի Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք չենք արգելափակի Եվրասիաական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրումը: Եթե մենք չենք կարող անել մեծ քայլ, մենք կշարժվենք փոքր քայլերով»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ Մինսկում պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում Մինսկին անհանգստացնող հարցերը Պուտինը կարողացել է ցրել:
«Սակայն դրա հետ մեկտեղ հարկ է հասկանալ, որ մենք անտեղ չենք գնացել մեկնած ձեռքով ու ինչ-որ բան խնդրել, դա եղել է փոխզիջում»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Բելառուսն ու Ռուսաստանը պայմանավորվել են նվազեցնել Մինսկի համար նավթամթերքի մաքսատուրքը: «Մենք պայմանավորվել ենք, որ աստիճաբար նվազեցնելու ենք մաքատուրքերը: Մյուս տարի մոտավորապես կեսը կմնա բելառուսական բյուջեին: Ես ենթադրում եմ, որ դա կլինի մոտավորապես 1,5 մլրդ դոլար»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ 2016-ին կողմերը կվերադառնան այդ հարցին: Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ 2 տարվա ընթացքում մաքսատուրքերի հետ կապված հարցը կլուծվի:
Բացի դրանից՝ ըստ Լուկաշենկոյի, Բելառուսը մայիսին Ռուսաստանից 2 մլրդ դոլար վարկ կստանա:
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև Եվրասիական տնտեսական համագործակցության ստեղծման եռակողմ պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մայիսի 29-ին Աստանայի գագաթնաժողովում: Ավելի վաղ Լուկաշենկոն սպառնում էր արգելափակել փաստաթուղթը՝ կապված Ռուսաստանից մատակարարվող նավթամթերքի մաքսատուրքերի հետ: