«Շուշին ցույց տվեց, որ միայն սեփական ուժերով կարող ենք հասնել ազգային հաղթանակաների: Բեկում էր սա: Եվ այդ բեկումը դարձավ այն հիմքը, որի վրա թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախում ստեղծվեցին ամենամեծ ձեռքբերումները՝ մեր բանակները»,-Վազգեն Սարգսյան: Արցախյան պատերազմից տարիներ են անցել, երկու հայկական պետությունները շարունակում են հզորացնել բանակը՝ ամուր պահելով դրա հիմքերը:
Life.panorama.am-ը զրուցել է հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Վովա Վարդանովի հետ:
-Պարոն Վարդանով, արցախյան պատերազմից տարիներ են անցել, այս ընթացքում դուք չեք կորցրել զինվորի հետ կապը: Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն է այսօրվա հայ զինվորը:
-Այո, մենք կապը պահում ենք զինվորների հետ: Նախորդ տարի սեպտեմբերին եղանք Լեռնային Ղարաբաղում, հանդիպեցինք տարբեր զորամասերի զինվորներին: Ես կարող եմ մի բան ասել: Ունենք հիանալի զինվորներ, նորմալ սպայական կազմ: Մեր զինծառայողները բավական գրագետ են, նրանք երբեք վատը չեն եղել:
-Ղարաբաղյան պատերազմում մենք հաղթող դուրս եկանք, սակայն Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, նորագույն զինատեսակներով զինվելը: Մենք կարողանո՞ւմ ենք այդ ամենից հետևություններ անել, դրան համարժեք գործել:
-Իհարկե, Ադրբեջանն ունի տանկ, որը ժամանակակից է համարվում, բայց մենք դրան զուգահեռ համապատասխան հակատանկային միջոցներ ենք ձեռքբերում: Շարունակական գործընթաց է:
