22:38 , 8 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվող միջոցառումների հիմնական տոնական մասը՝ շքերթները, նվիրված կլինեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձին: Շուշիի ազատագրման 22-ամյակի առթիվ «փոքրիկ» միջոցառումներ նախատեսված են Նոյեմբերյանում և Եղեգնաձորում, իսկ ռազմական զորահանդես կլինի Շուշիում՝ Լեռնային Ղարաբաղում:
Այս մասին ակնհայտ դարձավ Tert.am-ի՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ զրույցից, ով նշեց, որ կոնկրետ Գյումրիի Վարդանանց հրապարակում և Երևանի Հաղթանակի զբոսագում նախատեսված շքերթները ՀՀ և ՌԴ Զինված ուժերի հրամանատարության կողմից են անցկացվելու։ Նա, սակայն, չկարողացավ մանրամասնել, թե դրանք ինչ սցենարով են լինելու:
«Գյումրին, չեմ կարող ասել, ինչ սցենարով է, որովհետև համատեղ հրամանատարության կողմից է։ Երևանի «Հաղթանակի» զբոսայգում էլ է նախատեսվում փոքրիկ շքերթ, սակայն քանի որ մենք չենք անում, կրկին չեմ կարող մանրակրկիտ ասել՝ ինչ է։ Մենք հետները մասնակցում ենք, բայց հիմնականում իրենք են»,-նշեց նա։
Իսկ թե կոնկրետ ՊՆ-ն Շուշիի ազատագրաման 22-ամյակին ինչ է նախատեսում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Փոքրիկ միջոցառումներ կլինեն տարբեր քաղաքներում, օրինակ՝ Նոյեմբերյան, նաև՝ Շուշի, դրանք, այսպես ասած, արդեն մեր կողմից կազմակերպվող շքերթներ են և շեշտադրված են այնտեղ մեր հաղթանակները, ինչպես սիրում են ասել մեր արցախյան եղբայրները, եռատոն հաղթանակներ են, այսինքն՝ Շուշիի ազատագրում, Պաշտպանության բանակի ստեղծում և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ»։
Իսկ թե կոնկերտ Երևանում Շուշիին նվիրված շքերթ կլինի՞, ՊՆ մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել՝ ասելով. «Չեմ կարող ասել՝ զբոսայգում կնշվի՞, թե՞ ոչ, բայց առանձին շքերթի տեսքով չկա։ Իսկ տոնական միջոցառումներ բոլոր զորամասերում կան, նաև տոնական մշակութային միջոցառումներ կլինեն, շատ են, բայց կոնկրետ շքերթ՝ չէ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ