Միայն Երևանում կարելի է ականատես լինել նման տեսարանի


18:30 , 8 մայիս, 2014

Միայն Երևանում կարելի է ականատես լինել նման տեսարանի. ոռոգման խողովակը վնասվել էր և ջուրը շատրվանի տեսքով դուրս ցայտելով՝ ողողել էր Խաչատրյան–Հակոբյան փողոցների խաչմերուկն ու հորդառատ գետի պես խոխոջելով՝ իջնում էր դեպի ցած՝ Հրազդանի կիրճ։

Ավտոմեքենաների, հատկապես տաքսու վարորդները ցնծում էին։ Շատրվանի տակով անցնելիս համարյա բոլոր մեքենաները դանդաղեցնում էին ընթացքը կամ կանգնում մի լավ ցնցուղ ընդունելու։ Հումորով և հնարամիտ մի քանի բարձր դասարանցիներ նույնիսկ որոշում էին ինչ գին սահմանել շամպունի կամ ասենք ջրի շիթը մեքենայի որևէ մասի վրա ուղղելու համար։ Մի տղա այդպես էլ անում էր. իր ծանոթների մեքենանները նա ընտիր լվաց այդ եղանակով, իսկ մի քանի մեքենաներ կամ երթուղայիններ, որոնց պատուհանների ապակիներն ուղևորները դժվարանում էին արագ բարձրացնել, նրա պատճառով մի լավ թրջվեցին։ Նա ջրի շիթը ձեռքով պահում էր ցած՝ իբր կարող եք անցնել և երբ մեքենան հավասարվում էր շատրվանին, նա ձեռքը բաց էր թողնում ու ջուրը լցվում էր պատուհաններից ներս։ Խեղճ ուղևորները ներսում ճչում էին ու ձեռքերը սպառնալի թափահարում։ Պետք էր տեսնել, թե ինչպես էր հրճվանքից ցատկոտում այդ բավական տարիքով տղան իր մի քանի բերանբաց ընկերների հետ։ Ես վարսավիրանոցից ականատես եղա այս պատմությանը մոտ կես ժամ և դրանից հետո ինչպես վճռվեց այդ «գեղատեսիլ» շատրվանի բախտը, չիմացա։ Արդյոք այն դեռ լվանում է մեր մայրաքաղաքի մեքենաները, թե՞ արդեն պատկան մարմինները կանգնեցրել են ջրի հոսքը կամ նորոգել վնասված խողովակը չգիտեմ։ Միայն գիտեմ, որ մենք՝ Երևանցիներս հաստատ ջրի խնդիր չունենք։