ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ


17:18 , 8 մայիս, 2014

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետAravot.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ, տեղեկացնում են ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը: 

Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախի պատերազմի հաղթանակների նշանակությանը:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի լուծմանը՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ, ինչպես ցանկացած կոնֆլիկտ, ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը նույնպես պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, և այս առումով Հայաստանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցային լիարժեք կողմ, քանի որ ոչ ոք, բացի Արցախի ժողովրդից, ի զորու չէ որոշելու Արցախի ճակատագիրը: Իսկ արցախցու խորին համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Էդուարդ Շարմազանովը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին: Նա ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որեւէ գործընթացում ցանկացած նախապայման Հայաստանի համար ընդունելի չէ, իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, դա անառարկելի փաստ է, հետեւաբար այդ փաստն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը՝ անիմաստ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ