Հուսով եմ, որ հայության համար հաղթելն այլևս երբեք այլընտրանք չի ունենա


17:25 , 8 մայիս, 2014

Այս օրը Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային նշանակություն ունի: 22 տարի առաջ մայիսի 8-ին մենք կարողացանք բեկում մտցնել Արցախյան հակամարտության մեջ: Առաջին անգամ վերջին հարյուրամյակների ընթացքում մենք կարողացանք գալիք հաղթանակների համար իրական հիմք ստեղծել: Չեմ պատրաստվում խորանալ Շուշիի ազատագրման գործողության մեջ ու ինչ-ինչ գնահատականներ փորձեմ տալ դրա վերաբերյալ, քանի որ ինքս ո´չ ռազմական գործիչ եմ, ո´չ էլ առանձնապես ռազմարվեստի գիտակ, և վերջին հաշվով չեմ էլ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Շուշիի ազատագրման օպերացիան այնպիսի մեծ հռչակ ունի աշխարհով մեկ, որ դրա՝ ռազմական տեսանկյունից մեծության մասին ես չէ, որ պետք է խոսեմ: Իմիջիայլոց, ով չգիտի, ասեմ, որ այդ գործողությունը այսօրվա դրությամբ ուսումնասիրվում է աշխարհի տարբեր հռչակավոր ռազմական ակադեմիաներում, և միայն հենց այս հանգամանքը, թերևս, հերիք է կասկածի տակ չառնելու համար դրա մեծությունը:

Միևնույն ժամանակ, չանդրադառնալով հարցին ռազմական տեսանկյունից, չեմ կարող չկիսվել Ձեզ հետ դրա քաղաքական և պատմական առումով մեծության մասին իմ պատկերացման հետ: Մենք վերջապես կարողացանք ամբողջ աշխարհին ապացուցել և, ըստ իս, առաջին հերթին ինքներս մեզ ապացուցել, որ մենք ի զորու ենք նաև հաղթել, կարողացանք ապացուցել ինքներս մեզ, որ վերջացել են այն ժամանակները, երբ հայը պետք է ծնկի իջներ թշնամու առջև` հանուն ստորացուցիչ գոյատևման, այլ ոչ թե արժանապատիվ ապրելու համար: Հայ ազգը, ինչ խոսք, ինքնահաստատվեց ընդհանուր պատերազմում հաղթելով, բայց այդ հաղթանակը հնարավոր դարձավ առաջին հերթին Շուշիի ազատագրմամբ:

Ես ընդամենը ցանկանում եմ, որ այս օրը և առհասարակ Արցախյան գոյամարտում ունեցած մեր հաղթանակը դեռ տարիներ և դարեր շարունակ ոգևորի մեր գալիք սերունդներին և դա անի հատկապես այն ժամանակ, երբ, Աստված մի արասցե, բայց մեր ազգը կրկին հայտնվի այնպիսի անելանելի իրավիճակում, որպիսին որ նախորդ դարի 90-ականներն էին, որից մենք կարողացանք ոչ միայն պատվով, այլև հաղթանակած դուրս գալ: Իսկ եթե մենք կարողացել ենք մեր այդ ժամանակվա հնարավորություններով հասնել հաղթանակի, ապա կարծում եմ, որ ապագայում ցանկացած դժվարությանն առերեսվելու դեպքում, Արցախյան գոյապայքարում սովորած մեր դասերը թույլ չեն տան նշաձողն իջեցնել և, պայմանականորեն ասած, նահանջել:

Վերջում ցանկանում եմ շնորհավորել մեր ազգին այս փառապանծ օրվա կապակցությամբ և հույս հայտնել, որ հայության համար հաղթելն այլևս երբեք այլընտրանք չի ունենա: