15:09 , 8 մայիս, 2014
Երբ որոշեցինք հանդիպման վայրը, մեր մարմինները դողացին, ինչպես երկրաշարժերի ժամանակ խարխուլ շենքերը.. Եվ երբ հանդիպեցինք «ամենաառաջին» անգամ, մեր սրտերը փշաքաղվելու աստիճան ճմրթվեցին...
Մենք հանդիպեցինք շատ անգամներ, ու շատ անգամներ դեռ կհանդիպեինք, եթե երկրաշարժերի ժամանակ ոչ մի խարխուլ շենք չքանդվեր...
Մեր հանդիպումները ևս դողացին... ու քանդվեցին դողից ամենաթույլ «երկրաշարժի» ժամանակ..
...
Հիմա, ես կարոտում եմ մեր հանդիպումները...
Երբ որոշեցի վերջապես պատասխան հայացք ուղղել քո երկար ու ձիգ հայացքներին... նայել աչքերիդ, ուղիղ ու հստակ... արցունքոտվեցին աչքերդ, սակայն քեզ հատուկ տղամարդկությամբ ժպտացիր՝ զսպելով հուզմունքդ...
...
Հիմա ես կարոտում եմ քո աչքերը...
Երբ առաջին անգամ դիպար ձեռքիս, պատճառաբանելով, թե չափում ես մատներիս բարակությունը, «երկրաշարժվեց» ամբողջ մարմինս ու ժպտացի զսպելով հուզմունքս...
...
Հիմա ես կարոտում եմ քո տարօրինակ չափումները...
Երբ առաջին անգամ գրկեցիր ձեռքովդ ուսս, որովհետև մեքենաներն այդ օրը չափից դուրս շատ էին, ու մենք որոշել էինք փողոց անցնել... փակեցի աչքերս, որ չմատնեմ երջանկությունս...
...
Հիմա ես կարոտում եմ քո ձեռքը...
Երբ առաջին անգամ ստիպված եղար գրկել մեջքս, որովհետև ես սկսեցի վատ զգալ ինձ... ես հասկացա, որ ամենահոգատար ու ուժեղ տղամարդն ես դու...
...
Հիմա ես կարոտում եմ քո հոգատարությունը...
Երբ անհրաժեշտ եղավ, որ գիրկդ առնես ինձ, որովհետև չգիտես՝ ինչու, ես որոշեցի վազել, իսկ դու ստիպված էիր ինձ կանգնեցնել... ես զգացի քո գրկում ինձ ապահով...
...
Հիմա ես կարոտում եմ այդ ապահովությունը...
Երբ առաջին անգամ քո ձեռքերը գրկել էին գլուխս, ու մեր հայացքները անշարժ զննում էին միմյանց, ես աչքերս չէի թարթում, որպեսզի մի վայրկյան պակաս չնայեմ քեզ...
...
Հիմա ես կարոտում եմ քո հայացքները... .
Երբ առաջին անգամ համարձակվեցիր համբուրել շուրթերս, մեծ ու հսկայական շենքեր «երկրաշարժվեցին» ներսումս, ու քո աչքերին նայելով հասկացա, որ քո ներսում անգամ գործարաններ են պայթել...
...
Հիմա ես կարոտում եմ այդ պայթյունները...
Երբ հերթական անգամ, ամաչելով կախեցի գլուխս, քո ուժեղ ու ամուր ձեռքերը իրենց գիրկն առան փոքրիկ մարմինս ու համբուրեցին աչքերս, ես հասկացա, որ ինձ պետք են քո գրկախառնությունները...
...
Հիմա ես կարոտում եմ ՔԵԶ...
Երբ մի անգամ հանդիպեցինք տարօրինակ տխուր ձևով.. Մեր գրկախառնությունը չափից դուրս ամուր ու երկար տևեց, ես հասկացա, որ երջանկություններիս փոխարինելու են եկել տխրությունները... Իմ աչքերի փայլը կամաց-կամաց մարեց, երբ ասացիր, որ մեկնում ես...
...
Ես հասկացա, որ կորցնում եմ քեզ...
Երբ անիծյալ ինքնաթիռները քեզ խլեցին ինձնից, ու մեր հանդիպումները մնացին միայն հուշերում, ես հասկացա, որ Սիրում եմ քեզ...
...
Հիմա, ես կարոտում եմ մեր սերը...
Երբ մեր մարմինները սկսեցին երկրաշարժվել առանձին-առանձին, ես հասկացա, որ կիլոմետրերը սպանել են մեզ...
Հիմա, երբ երկրաշարժվում է մեզնից մեկի մարմինը, մյուսը չի զգում...
...
Հիմա մենք չենք հիշում իրար..