19:12 , 7 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին հայկական մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Անաստաս Միկոյանի թեման: Երևանի ավագանին որոշում է կայացրել այդ գործչի հուշարձան կանգնեցնել Երևանում, իսկ հանրային առանձին շրջանակներ և անհատներ կտրուկ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը:
Մարդիկ հիմնականում հղում են անում այն իրողությանը, որ Միկոյանը պաշտոնավարել է Ստալինի վարչակարգում և իր մասնակցությունն է ունեցել հայտնի տեռորին (պետք է նշել, որ դեմ արտահայտվողներից ոմանք ոչ այնքան Միկոյանի անձի հարցով են վրդովվել, որքան քաղաքապետարանից տված հիմնավորման, սակայն ներքոշարադրյալը Երևանի ավագանու հիմնավորումների մասին չէ):
Բանը հասավ այնտեղ, որ Միկոյանի հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնությունըհամեմատվեց Թալեաթին հուշարձան կանգնեցնելու հետ:
Իմ խորին համոզմամբ՝ նախաձեռնությունը լավն է, բայց կիսատ ու ժամանակավրեպ: Իսկ ահա դրա շուրջ ծավալված դիսկուրսը՝ խիստ մակերեսային ու էմոցիոնալ:
Մինչ այս պահը եղած հրապարակային հայտարարություններում գերակշռող (եթե չասենք ՝ միակ) թեզն այն է, որ Անաստաս Միկոյանը մեծմասամբ պաշտոնավարել է Ստալինի օրոք, հետևաբար պատասխանատվություն է կրում դրա համար: Սա, անշուշտ, ճիշտ է, և ոչ ոք չի կարող պատասխանատվությունը նրա ուսերից հանել: Բայց պատմության ու պատմական գործիչների գնահատման այս մեթոդն այնքան էլ ճիշտ չէ:Հակառակ դեպքում պետք է մեր հիշողությունից ջնջենք, օրինակ, Գրիգոր Զոհրապին, ով երիտթուրքական խորհրդարանի պատգամավոր էր ու ապագա ցեղասպաններին փաստաբանական ծառայություններ էր մատուցում:
Նույն տրամաբանությամբ՝ ռուսները պետք է մոռացության մատնեն Պյոտր Մեծին,անգլիացիներն առհասարակ չպետք է Ֆրենսիս Դրեյքի անունը տան և այլն, և այլն:
Հասկանալի է, որ որոշակի հանգամանքներ խանգարում են, որպեսզի նշված ու բազմաթիվ այլ օրինակների դեպքում միանշանակ գնահատականներ տրվեն: Եվ պարզվում է, որ նման հանգամանքները քիչ չեն նաև Անաստաս Միկոյանի դեպքում:
Եթե ուսումնասիրենք վերջինիս կենսագրությունը, ապա կպարզենք, որ՝ այո, նա մասնակցել է ռեպրեսիաներին, անձամբ սանկցիաներ է ստորագրել, ավելին՝ ստորագրել է զանգվածային հետապնդումներ ենթադրող ցանկեր (պատմաբանները նշում են, որ թեև Եժովի ու Բերիայի ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ Ստալինը միանձնյա էր որոշում կայացնում, սակայն պարտադրում էր, որ քաղբյուրոյի բոլոր անդամները, այդ թվում՝ Միկոյանը, սեփական ստորագրությամբ հավանություն տան որոշմանը):
Ճիշտ է անգամ այն դրվագը, որ փոքր հայրենիքը հակաբոլշևիկյան էլեմենտներից մաքրելու նպատակով ՀԽՍՀ գործուղվելուց հետո Միկոյանը կենտրոնից լրացուցիչ քվոտաներ է պահանջել:
Միաժամանակ, սակայն, իրականությունն, ինչպես մետաղադրամը, մեկ այլ կողմ էլ ունի: Օրինակ, ազգովի պարծենում ենք մարշալ Բաղրամյանով, բայց քչերը գիտեն, որ 1918-21թթ. դաշնակցական Հայաստանի բանակում ծառայելու համար 37-ին քրեական գործ է հարուցվել նաև Բաղրամյանի նկատմամբ, իսկ գործը կարճվել է միայն Անաստաս Միկոյանի միջամտությամբ:
Այդ մասին շատ չի խոսվում, բայց ռեպրեսիաների ենթարկված շատ ու շատ գործիչներ և նրանց ընտանիքներ իրենց գոյությունը շարունակել են բացառապես Միկոյանի նյութական աջակցության շնորհիվ, որի մի մասը եղել է ծածուկ: Անհրաժեշտ է իմանալ, որ ձերբակալվել ու աքսորվել են (ճիշտ է՝ կարճ ժամանակով) նաև Միկոյանի երկու որդիները՝ Վանոն և Սերգոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ