Որ վաղվա սերունդը մեզ չհայհոյի


15:51 , 24 հուլիս, 2012

Արդեն  սկսվել  են  ամառային  շոգ  օրերը  և  յուրաքանչյուրս   ամեն  պատեհ  առիթի  դեպքում`  ընկերներով, բարեկամներով  կամ  աշխատակազմով`  շտապում  ենք  բնության  գրկում  կազմակերպել  մեր  հանգիստը  ու  մի  լավ   լիցքաթափվել: Վերցնում  ենք  անհրաժեշտ  ամեն ինչ  ու  շտապում  առավոտ  շուտ  տեղ  զբաղեցնել  հանգստի  համար  նախատեսված   որևէ  վայրում  և  հենց  այստեղ  էլ   սկսվում  է  աններելին: Հիմնականում  վճարելով  և  զբաղեցնելով  որևէ  տաղավար  `միանգամից  հասկանում  ենք, որ  մեզանից  առաջ  այդ  տարածքում  խնջույք  են  կազմակերպել  ուրիշները: Հասկանում  ենք  ոչ  թե մեր  զարգացած  ինտուիցիայի  շնորհիվ, այլ  մի  ակնթարթ  տարածքը  զննելու  միջոցով: Հետաքրքիր  է, ինչո՞ւ ենք   մի  լավ  ուախանալուց  հետո  մեր  սննդի  ու  տարբեր  տարրաների  մնացորդները  շաղ  տալիս  ամբողջ  տարածքով  մեկ   ու  նոր  հեռանում: Չէ՞ որ բնությունը  մեզ  ընդունել  էր  գրկաբաց, ինչո՞ւ  ենք  աղտոտում  մեր  էկոլոգիան: Հետո  էլ  ասում  ենք, թե  զարգացել  ենք , դարձել  ենք  քաղաքակիրթ: Իսկ  քաղաքակիրթ  մարդը  այդպես  դաժան  կվարվի՞  բնության  հետ, կամ  փողոցով  քայլելիս  ծխախոտի  տուփն  ու  գլանակը, պաղպաղակի  փայտիկն  ու  ձեռքի  մանրացրած  թղթերը  կլցնի՞  մայթերին: Ճիշտ է. կան  նաև  բարեխիղճ  ու  սրտացավ  մարդիկ, ովքեր  հավաքում  են  քեֆից  հետո  մնացած  աղբն  ու  տոպրակներով  դնում  մի  անկյունում, բայց  այստեղ  էլ  իրենց  պարտականությունները  չեն  կատարում  վճարովի  տարածքներ  հատկացնող  բիզնեսմենները: Այնքան  ժամանակ  չեն  զբաղվում  աղբահանությամբ,որ  կենդանիների  կամ  քամու  միջոցով  այն  տարածվում  է  ամբողջ  տարածքով,բայց  չէ՞ որ  վճարովի տարածք  հատկացնելուց  և  գումար  աշխատելուց  բացի  հարգելի  բիզնեսմենները  պետք  է  զբաղվեն  նաև  աղբահանության  խնդրով, չէ՞ որ  բնության  շնորհիվ  են  իրենք  գումար  աշխատում: Մեր  բնությունը  արդեն  այնքան  է  աղտոտվել, որ  հանրապետության  տարածքով  շրջելիս  չենք  կարող  չնկատել  ծառերից  թափահարվող  գույնզգույն  պոլիէթիլենային  տոպրակները, փողոցի  աջ  ու  ձախ  կողմերում  շպրտված  շշերը  և  աղբի  մնացորդները: Բա  ամոթ    չէ՞,գետինը  չե՞նք մտնի, որ օտարեկրացի  զբոսաշրջիկները  այս  ամենը  տեսնեն  ու  պատմեն  իրենց  ընկերներին: Հետո  էլ  ասում  ենք  եկեք  Հայաստանում  հանգստացեք: Գան, որ  մեր  աղտոտված  բնությունն  ու  շրջակա  միջավայրը  տեսնեն  ու  էլ  չգա՞ն: Տեսնես ինչի՞ց է, որ  մայթերն  ու  փողոցները  աղտոտող, ոգևորված գետնին  թքող  մեր  հայրենակիցները   եվրոպական  երկրներ  գնալիս դառնում  են  օրինապաշտ  ու  նույն  պահվածքով  չեն  «փայլում» այնտեղ: Մայրաքաղաքում մարզկենտրոններում  և  մեծ  քաղաքներում  համեմատաբար  մաքուր  վիճակում  են  գտնվում  կենտրոնական  փողոցները, իսկ  երկրորդայինները  և  ծայրամասերը  ուշադրության  կենտրոնից  դուրս  մնալու  պատճառով`մեղմ  ասած  տնքում  են  աղբի  ծանրությունից: Մի՞թե  հնարավոր  չէ ավելի  հաճախակի  կազմակերպել  աղբահանությունը, որ հակասանիտարական  վիճակ  չստեղծվի  բնակավայրերում  և  գարշահոտը  չտարածվի ամենուր: Ինչո՞ւ  մեր  երեխաներին  դեռ  փոքր  տարիքից   չենք  դաստեարակում   մաքուր  պահել  բնությունը, փողոցն  ու  բակը,չէ՞ որ բնությունը  մեր  տունն է: Պատկերացրեք, որ   մեկը  ցեխոտ  կոշիկներով  քայլում  է  Ձեր  թանկարժեք ու  մաքուր  գորգի  վրայով, հաստատ  կբարկանաք  ու  կբղավեք  նրա  վրա,իսկ  բնությունը, որ  լեզու  չունի, պետք  է  սադիստի  նմա՞ն   վարվենք  նրա  հետ: Հիմա  էլ  Հայաստանում  գործում  է  աղբավերամշակման  ձեռնարկություն, մնում  է  բարեխղճորեն  հավաքենք  աղբն   ու   գցենք  աղբամանների  մեջ, ոչ  թե  նետենք  ուր  պատահի: Եկեք  մեր  օջախների  նման  մաքուր  պահենք  մեր  բնությունը,որ  վաղվա  սերունդը  մեզ  չհայհոյի: