Ռուսաստանը երկու ուղերձ է հղում Կիևին և Արևմուտքին


17:29 , 6 մայիս, 2014

Ավարտվեց Եվրոպայի խորհրդի արտգործնախարարների նիստը: Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեծ հաշվով Ռուսաստանի դիրքորոշումն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին: Նա, կարելի է ասել, երկու կոնկրետ ուղերձ է հղել Կիևին և Արևմուտքին՝ այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը պատկերացնում Ուկրաինական հակամարտության շրջանակներում առկա լարվածության թուլացման ուղղությամբ կիրառվող առաջիկա քայլերը:

Առաջին հերթին, ըստ ռուս բարձրաստիճան պաշտոնյայի, Կիևը պետք է անհապաղ դադարեցնի բանակի օգտագործումը սեփական ժողովրդի նկատմամբ՝ ինչ-ինչ քաղաքական հարցեր լուծելու համար: Վերջինս առիթը բաց չի թողել կշտամբելու Արևմուտքին՝ Կիևին ցուցաբերվող անթաքույց աջակցության համար այս հարցում: Լավրովը հիշեցրել է, որ ԵՄ-ը, ինչպես նաև ԱՄՆ-ն Յանուկովիչին, ով ըստ էության, երկրի լեգիտիմ նախագահն էր, ժամանակին կոչ էին անում ձեռնպահ մնալ բանակի օգտագործման գաղափարից՝ հանուն որոշակի քաղաքական խնդիրների լուծման: Մինչդեռ այս պարագայում, ըստ վերջինիս, Արևմուտքը ոչ միայն չի դատապարտում Կիևի գործողությունները, այլև դեռ մի բան էլ խրախուսում է դրանք: Այլ կերպ ասած՝ ամեն ինչից զատ, Լավրովը Արևմուտքին մեղադրել է նաև երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:

Երկրորդ` ՌԴ արտգործնախարարը նաև անհրաժեշտ է համարել, որ Արևմուտքը վերջապես ճանաչի Ուկրաինայի հարավ-արևելքը որպես հակամարտության լիիրավ կողմ և ընդունի, որ այդ շրջանները պետք է հանդիսանան, այսպես կոչված, համազգային երկխոսության բաղկացուցիչ մաս: Այս ամենը պարզ է դառնում այն բանից հետո, երբ ռուս պաշտոնյան իր խոսքում «ափսոսանք է հայտնում, որ Արևմուտքը մինչ այժմ հրաժարվում է Ուկրաինայի հարավ-արևելքը ընկալել որպես հակամարտության լիարժեք կողմ»:

Փաստորեն, մեծ հաշվով Ռուսաստանը, ինչպես նաև հակամարտող կողմերից որևէ մեկը, առայժմ չի զիջում իր սկզբունքային մոտեցումները Ուկրաինայի հարցում: Ռուսաստանը այս ամենով շատ պարզ հասկացնել է տալիս, որ եթե Արևմուտքը շարունակի աջակցել Կիևին՝ թե´ նյութապես, թե´ բարոյապես, ապա Ռուսաստանն էլ իր հերթին կշարունակի իր աջակցությունը հարավարևելյան շրջաններին բառի ամենալայն իմաստով: Կարծում եմ՝ եթե ամփոփելու լինենք՝ Ռուսաստանը մոտավորապես ասում է հետևյալը. «Կամ դադարեցնում ենք արյունահեղությունը և նստում երկխոսության, որի ժամանակ հաշվի են առնվում իմ առանցքային շահերը, կամ էլ ես զիջողը չեմ և հակամարտության կարգավորումը շարունակում է ձգձգվել իր բոլոր հնարավոր հետևանքներով»: