16:15 , 6 մայիս, 2014Դերասանուհի Աննա Պանին, ով իր դերասանական ուղին սկսել է դեռևս 14 տարեկանից, ArmStar.am-ի հետ զրուցեց թատրոնում հանդես չգալու, դիջեյությամբ զբաղվելու և առաջիկա ծրագրերի մասին։

Տևական ժամանակ է ինչ հեռուստաէկրաններին չեք երևում, ո՞րն է պատճառը, նոր առաջարկներ չունե՞ք։
Հեռուստատեսային աշխատանքն այսօր շատ դերասանների համար կրճատված է, քանի որ մեզ համար հիմնական աշխատանքը որևէ սերիալում նկարահանվելն էր, իսկ հիմա այն ընդմիջման շրջանում է։ Մոտ երկու տարի լինելով էկրանին՝ հասկացա, որ ժամանակավոր դադարն ավելի շահեկան կլինի, նախ՝ կհնագստանամ, և երկրորդ՝ հեռուստադիտողին չեմ հոգնեցնի։ Հստակ որոշել էի այսուհետ հեռուսատեսությամբ հանդես գալ ոչ թե որպես դերասանուհի, այլ՝ հաղորդավարուհի, ցանկանում եմ փորձել ինձ նաև այդ բնագավառում։ Ցանկությունս իրականացել է, շուտով հեռուստադիտողն ինձ եթերում կտեսնի։ Հուսով եմ՝ հետաքրքրիր է լինելու մատուցածս ծրագիրը։
Ժամանակին խաղում էիք թատրոնում, իսկ հիմա կարծես՝ ոչ, ինչու՞։
Բարձրագույն դերասանական կրթություն ստանալուց հետո հստակ գիտեի իմ ուղին, այն էր՝ նորին մեծության թատրոնը, և այդպես էլ շարունակեցի։ Մոտ երեք տարի խաղացել եմ թատրոնում, որին հետևեցին նկարահանումներն ու հեռուստատեսային աշխատանքը: Ցավոք, ժամանակի սղության պատճառով չկարողացա համատեղել, և մեկի առաջընթացի համար տուժեց մյուսը։ Այժմ մեծ է ցանկությունս նորից բեմում լինելու, բայց, թե երբ կիրականանա, ինքս էլ չգիտեմ, սա ասում եմ մեծ թախիծով։

Գիտենք, որ հաճախ ակումբներում որպես դիջեյ նվագում եք: Արդյո՞ք դա պայմանավորված է մասնագիտական ոլորտում դադարի հետ։
Դերասանի մասնագիտությունն ինքս համարում եմ ունիվերսալ, այն իր մեջ կարող է ներառել արվեստի շատ ու շատ ճյուղեր։ Դերասանը պետք է իրեն կարողանա դրսևորել ցանկացած ոլորտում։ Էլեկտրոնային երաժշտությունը մեծ և խորը աշխարհ է, այն ինձ գրավել է դեռևս ուսանողական տարիներից, սակայն, միայն վերջերս հասկացա, որ կարելի է ավելի շատ ժամանակ տրամադրել այն ուսումնասիրելու և մատուցելու համար։

Իսկ ինչպե՞ս ծնվեց որպես դիջեյ հանդես գալու միտքը։
2007 թվականից սկսեցի հետաքրքրվել ակումբային երաժշտությամբ ու արդեն իսկ քայլեր էի ձեռնարկում այն սովորելու համար, բայց թատրոնի հետ զուգահեռ չէի կարողանում համատեղել, այդ պատճառով դադարը տևեց մի քանի տարի, մինչև 2011-2012թթ․ երբ իմ ուսուցիչ Dj Kret-ը մեծ պատասխանատվությամբ սկսեց իր գիտելիքներն ու փորձն ինձ փոխանցել։
Շարունակությունն` այստեղ