Հայաստանում բարոյական վնասը կփոխհատուցվի գումարի տեսքով, պետբյուջեից. Նախագիծն ԱԺ-ում է


12:35 , 6 մայիս, 2014

Հայաստանում բարոյական վնասը կփոխհատուցվի գումարի տեսքով, պետբյուջեից. Նախագիծն ԱԺ-ում էPanorama.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն արդեն խորհրդարանում դրվել է շրջանառության մեջ: Այս օրինագիծը իրավապաշտպանների կողմից երկար սպասված նախաձեռնություն էր և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից բխող պահանջ: 

Օրինագծով սահմանվում է ոչ նյութական վնաս հասկացությունը և դրա հատուցումը: Ըստ այդմ, ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա գույքային իրավունքները կամ անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

Եթե դատական կարգով հաստատվել է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2-րդ, 3-րդ կամ 5-րդ հոդվածներով երաշխավորված՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելում, ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտում, ապա այդ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում՝ նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածն, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

Եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար): Իսկ թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածը հետևյալ պայմաններն է սահմանում. «Եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ