Լավագույն լուծումը պարտադիրից հրաժարվելն է. Ա. Ռուստամյանը Կառավարությանը ներկայացվելիք առաջարկների մասին


09:02 , 6 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, որ «կուտակային»-ի մասին նախագծում պարտադիր բաղադրիչի վերացման հարցում կան որոշակի պարտավորություններ «դրսի» հետ կապված, նկատեց, որ «դրսի կողմերը» խնդիր չունեն՝ Կառավարությունը փոխվե՞լ է, չի փոխվել, իրենք գործ ունեն Հայաստանի Հանրապետության հետ:

-Պարո՛ն Ռուստամյան, կա՞ն արդեն այն առաջարկությունները, որոնք պետք է ներկայացնեիք Կառավարությանը:

-Այս առաջարկությունները պատրաստում ենք քառյակի շրջանակներում: Եվ կախված նրանից, թե Կառավարությունն ինչպես կարձագանքի դրանց, կարձագանքենք: Հիմա այս փուլում ենք: Առաջարկությունները դեռ մշակվում են և ամենամոտ ժամանակներս կուղարկվեն Կառավարություն:

- «Կուտակային»-ի մասին նոր օրինագծի հետ կապված այս պահին ի՞նչ վիճակ է, և առաջարկների մասով 4 խմբակցությունների միջև կա՞ կոնսենսուս:

- Շատ հստակ է. եղել է Սահմանադրական դատարանի որոշում, ամեն մեկը փորձում է յուրովի մեկնաբանել: Մեր համոզմամբ, ըստ էության, Սահմանադրական դատարանն ասել է այն, ինչ մենք հայտարարում էինք, այն է, որ այս պարտադիր բաղադրիչի կիրառումը և այն գործընթացը, որ սկսվեց, բազմաթիվ խախտումներ է արձանագրում: Հիմա, մեր կարծիքով, դրա լավագույն լուծումը հենց հրաժարվելն է պարտադիր բաղադրիչից. կարող է կուտակայինը մնա, բայց դա պետք է մնա այնպես, որ մարդիկ շահագրգռվեն…

-Այո՛, ասել էիք, որ պայմանները գայթակղիչ լինեն: Հիմա, Կառավարության նախագծում «պարտադիր»-ի մասին ձևակերպում կա՞:

-Կառավարությունը փորձում է ինչ-որ լուծումներ գտնել՝ փաստացի, ըստ էության, հրաժարվել պարտադիրից, բայց վտանգը պահպանվում է, քանի որ դե յուրե այդ փոփոխությունները չեն ամրապնդվում, այս փոփոխությամբ պարտադիրը, փաստորեն, չի վերանում: Այսինքն՝ դե յուրե պահպանվում է, դե ֆակտո՝ նույն տրամաբանությունն են ուզում աշխատացնել, «բայց պարտադիրը կարող եք չմուծել»: Ինչպես օրինակ՝ ժամանակին Սահմանադրական դատարանն ասաց՝ «պարտադիրը մնում է, բայց քաղաքացիները պարտավոր չեն այդ պարտադիրով առաջնորդվել»: Հիմա դրա նման ինչ-որ անորոշություն պահպանված է, և բնական է, որ փորձում ենք այդ անորոշությունները վերացնել: Հիմա իրենք դա նկատի ունենալով՝ առաջ ընկան ու փոփոխությունների նախագիծն են բերել, որը մեզ չի գոհացնում, որովհետև չի լուծում կարևորագույն խնդիրներ: Եվ մենք պատրաստվում ենք դիմել իրենց մեր առաջարկներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ