Ինչո՞ւ ենք մենք փորձում «պեղել» Միկոյանի կենսագրությունը՝ պիտակավորելու համար այս հերոսին


16:25 , 5 մայիս, 2014

Վերջին օրերին ակտիվորեն սկսվել է քննարկվել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ Երևանի ավագանու կայացրած որոշումը: Կարծիքները տարբեր են, սակայն քննադատական մոտեցումն այս հարցին թերևս գերակշռում է: Մարդիկ բողոքում են՝ ներկայացնելով ինչ-ինչ «կեղտոտ փաստեր» Խորհրդային Միության հայազգի հերոս, պետական գործիչ Միկոյանի կենսագրությունից: Ամենաուշագրավն այն է, որ մարդիկ (կամ էլ որոշ «փորձագետներ») ոչ թե խոսում են արձանը տեղադրելու ֆինանսական նպատակահարմարությունից կամ էլ, ասենք, վայրից, այլ կոնկրետ քննադատության թիրախ են դարձրել հենց վերոնշյալ անձին: Գիտեք՝ ինչ, վերջին տարիներին նկատվում է մեծանուն հայերի հասցեին ցեխ շպրտելու միտում: Սա բնավ ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Այսօրվա մեր՝ այսպես ասած ազատ խոսքի դարում, ով, ում կամ էլ ինչի մասին ուզում է, իրեն թույլ է տալիս արտահայտվել: Մարդիկ իրենց դնում են «պրոֆեսորների» տեղ և իրենց պարտքն են համարում մարդկանց «լուսավորել»: Հիշում եմ, թե մի ժամանակ ինչպես էին ասում, թե իբր Չարենցը, ով մեր հայ ազգի պարծանքներից մեկն է, իբր հարբեցող թմրամոլ է եղել: Հիշում եմ նաև, թե ինչ ցեխ էին շպրտում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հասցեին, թե իբր վերջինս իր դստերն էր սիրահարված և նույնիսկ կենակցել է նրա հետ: Իմ խորին համոզմամբ, նման մոտեցումը և քարոզչությունը մեր ազգի մեծերի նկատմամբ կործանարար է ազգի համար:

Այս մարդիկ, հենց թեկուզ Միկոյանը, հերոսներ են հայ ժողովրդի համար: Միկոյանին մեծ հաշվով ընդունված է ընկալել որպես առանցքային անձ՝ հերթական համաշխարհային պատերազմը կանխելու գործում: Նա, ինչպես հիշում եք, դա կարողացել է կանխել՝ բարեհաջող կերպով հարթելով Կարիբյան ճգնաժամը: Այս մարդու դրական կերպարը արմատավորված է հայ ժողովրդի գիտակցության մեջ: Այժմ ինձ մոտ հարց է առաջանում: Ինչո՞ւ ենք մենք փորձում, բառի բուն իմաստով, պեղել Միկոյանի կենսագրությունը՝ պիտակավորելու համար այս հերոսին: Ասեմ ավելին, առհասարակ ի՞նչ «ծառայություն ենք մատուցում» մեր ժողովրդին՝ զրկելով իրեն իր հերոսներից: Սա շատ կարևոր հարց է, որի շուրջ պետք է լրջորեն խորհել:

Տեսեք, մեծ հաշվով ցանկացած մարդու կենսագրության մեջ կարելի է մի բացասական բիծ գտնել, բայց դա հո չի՞ նշանակում, որ այդ բիծը պետք է դարձնել մարդու կերպարն ու էությունը բնորոշող առանցքային գործոն: Ես չեմ ուզում խորանալ Անաստատ Միկոյանի կենսագրության ամբողջության մեջ, ի վերջո, ես «Միկոյանագետ» չեմ, ինչպես ոմանք, բայց հստակ կարող եմ ասել, որ այս մարդը հայության համար հերոս կա և միշտ էլ պետք է լինի: Եկեք վերջապես ձերբազատվենք վերը նշված անհասկանալի մոլուցքից՝ քննադատելուց հանուն քննադատության, առավել ևս, երբ խոսքը մեր մեծերին է վերաբերում:

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր քննադատում են Միկոյանին և գտնում են, որ Ստալինյան բռնաճնշումների ժամանակ վերջինս նպաստել է մի շարք մտավորականների գնդակահարությանը, ապա ինչո՞ւ չեն բողոքում Ստեփան Շահումյանի արձանի դեմ: Չէ որ Շահումյանի կենսագրության մեջ ևս առկա են այդ մարդու կերպարի վերաբերյալ որոշ «վիճահարույց պահեր»…