Հայաստանը` երկու կոտրած տաշտակների առջև


15:51 , 5 մայիս, 2014

Երբ հայաստանյան իշխանությունները հայտարարեցին, որ գնում են Մաքսային միություն, շրջանառության մեջ դրվեց այն տեղեկությունը, թե բա կտեսնեք՝ Հայաստանը երկու պայմանագիրն էլ ստորագրելու է՝ համ ասոցացումը, համ Մաքսային միությանն անդամակցելը: Դրան, սակայն, հետևեց Եվրոպական Միության «և- և»-ի բացառումը, ինչից հետո հայաստանյան իշխանությունները, ինչպես սիրտը կոտրած օրիորդը, իրենից հեռացող սիրեցյալի ետևից բղավում է «Աշոտ, ես քեզ միևնույն է սիրելու եմ», սկսեցին ասել, թե «Հայաստանը, միևնույն է, հետևողական է մնալու իր Եվրոպական ինտեգրման գործընթացին», ու գնաց դեպի ՄՄ:
Հետևողականությանը զուգահեռ իշխանությունները բռնվեցին Հայաստանը ՄՄ միացնելու «սուրբ» գործընթացին: Ջանք չխնայվեց: Գործարարները հերթով պատմում էին, թե ինչ մեծ շուկա է բացվում, ինչ լայն հնարավորություններ մեր երկրի համար, տպավորություն էր ստեղծվում, թե մինչ օրս ռուսական կամ բելառուսական շուկաները անհասանելի էին, իսկ հիմա կբացվեն դրախտի դռները, և մենք ականատես կլինենք Նյու Վասյուկիի: Կառավարությունը՝  «Հնգամյակը երեք տարում» ոճով, ժամանակից շուտ ավարտեց ճանապարհային քարտեզը, որով Հայաստանը պետք է միանա ՄՄ-ին: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իշխանության հրամանով նույնիսկ ծեծի ենթարկվեցին ՄՄ-ի դեմ բողոքի մասնակիցներ: Մի խոսքով, ամեն ինչ թռչած պատրաստ էր, երբ սկսեց ակնհայտ դառնալ, որ ՄՄ-ն ոնց որ թե կարող է ընդհանրապես չիրականանա, ինչպես, օրինակ, Ռուսաստան-Բելառուս միասնական պետությունը այդպես էլ մնաց թղթի վրա: Դրան նպաստում են, թե Ուկրաինայի դեպքերից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, թե ՄՄ-ի այլ երկրների ակնհայտ դժգոհությունը՝ մի տեղ նավթի գնի հետ կապված, մյուս տեղում՝ Հայաստանի անդամակցության, տպավորություն է, որ նույնիսկ Պուտինն արդեն իրեն նոր զբաղմունք գտնելով այնքան էլ չի ձգտում այս միությունը կյանքի կոչել: Կարելի է վիճել այս թեմայի շուրջ, բայց ի/նչ տեղի կունենա, եթե ես, այնուամենայնիվ, ճիշտ դուրս գամ, և Մաքսային միություն ուղղակի չլինի: Մենք կմնանք 2 կոտրած տաշտակների դիմաց: Մի կողմից, հրաժարվելով ասոցացումից, անիմաստ վարկաբեկեցինք մեզ որպես գործընկեր, մյուս կողմից, ռուսները կրկին խաղացին մեզ հետ և կրկին «չամուսնացան»: Ու, միգուցե, լավն էլ դա է…