Տեխասի նահանգապետը չի բացառել մասնակցությունը 2016-ի նախագահական ընտրություններին


12:06 , 5 մայիս, 2014

37228361in.am-ը գրում է.

Ամերիկյան Տեխաս նահանգի նահանգապետ Ռիք Փերին չի բացառել 2016-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին իր առաջադրումը:

Փերին պայքարել է Հանրապետական կուսակցությունը 2012-ի նախագահական ընտրություններում ներկայացնելու իրավունքի համար և նույնիսկ մի պահ մրցապայքարի առաջատար համարվել: Սակայն նա արշավի ժամանակ թույլ է տվել մի շարք սխալներ, որոնք զգալիորեն նվազեցրեցին նրա ժողովրդականությունն ու ստիպեցին դադարեցնել պայքարը:

«Կարծում եմ՝ Ամերիկան այն տեղն է, որտեղ մարդկանց երկրորդ հնարավորությունն է տրվում»,- հայտարարել է 64-ամյա Փերին կիրակի NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Փերին Տեխասի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն ավելի քան 13 տարի: 2000 թվականին նա այդ պաշտոնում փոխարինել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին: Նա նահանգում բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել: Փերիի լիազորությունները լրանում են 9 ամսից:

Ապրիլին Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը, նույնպես չէր բացառել իր մասնակցությունը նախագահական ընտրություններին: