Պարույր Հայրիկյան. «Պուտինն ո՞ւր էր, երբ ես փոխում էի աշխարհը» (Տեսանյութ)


15:13 , 4 մայիս, 2014

Պարույր Հայրիկյան. «Պուտինն ո՞ւր էր, երբ ես փոխում էի աշխարհը» (Տեսանյութ)

Aravot.am-ը գրում է.

Այսօր Ազատության հրապարակում տասնյակ ԱԻՄ-ականներ «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանի հետ քննարկեցին մայիսի 18-ին «Մենք դեմ ենք Մաքսային միությանը» բողոքի երթի կազմակերպչական աշխատանքները: Սկզբում ԱԻՄ-ականները ներկա-բացակա արեցին: «Մարդիկ գրանցվել ու չեն եկել»,- նկատեց պարոն Հայրիկյանը: ԱԻՄ-ականները կողմնակից էին հանրահավաք անցկացնելուն, Դավիթ Շահնազարյանը պնդում էր՝ հանրահավաքն անիմաստ է, երթն է հարկավոր. «Երկու հարյուր հոգով երթը տպավորիչ է, հինգ հարյուր հոգով հանրահավաքը տպավորիչ չէ»: Պարույր Հայրիկյանն էլ ասաց՝ եթե պետք է այսքան մարդ լինենք ոչ երթը, ոչ էլ հանրահավաքը տպավորիչ չեն լինի. «Ինձ մտահոգողը մի բան է, մարդ կհավաքվի՞, թե՞՝ չէ, որովհետեւ եթե պետք է ասեն, հավաքվել էին ու էսքան քիչ, լավ չի լինի»: Հետո ասաց կոմունիստների նման երեխաներին չեն բերի: «Մանկապղծությունը դա է»,- լրացրեց պարոն Շահնազարյանը: Նախապես որոշվեց, որ մայիսի տասնութին ժամը երկուսին կհավաքվեն Ազատության հրապարակում ու երթով կգնան նախ Ռուսաստանի դեսպանատուն, հետո՝ Բաղրամյան 26: Մի քանիսի դիտարկմանը, թե ինչ նպատակ ունի դեսպանատան մոտ գնալ, պարոն Հայրիկյանն ասաց՝ գնում ենք պապայի մոտ, գլխավոր պապան էնտեղ է, ըստ պարոն Շահնազարյանի էլ, որովհետեւ «մեզ այնտեղից են վիրավորել»: Մեր հարցին, թե ՄՄ-ի դեմ ակցիաները դեռ երբեք մարդաշատ չեն եղել, Մաքսային միության դեմ եղողնե՞րն են քիչ, պարոն Հայրիկյանն ասաց. «Ամբողջ խնդիրն այն է, որ Մաքսային միությունը դեռ հստակ ձեւավորված չէ , որ նրա դեմ էլ պետք լինի: Մեծ մասն ասում է ՝ դե լավ է, ով գիտի, կլինի՞, թե՞՝ չէ: Մանավանդ ուկրաինական դեպքերից հետո ամբողջ աշխարհը Պուտինի օրերն է հաշվում, մարդիկ ասում են՝ ինչ կարիք կա, որ դրա վրա ժամանակ ծախսեմ: Երբ սկսի գործել, մարդիկ այդ ժամանակ առարկայական մոտեցում ցույց կտան»: Ըստ պարոն Հայրիկյանի, ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեմն առնելն էլ անհույս չէ. «Դրանից առաջ էլ կար Եվրոպական միության նախաձեռնություն, էդ ինչո՞ւ Պուտինը կփոխի, ես չեմ փոխի: Պուտինն ո՞ւր էր, երբ ես փոխում էի աշխարհը»: Նշենք, որ մայիսի տասնութին Ռուսաստանում էլ են Պուտինի դեմ երթեր նախատեսված :

Շարունակությունն՝ այստեղ