Մեզ համար Հայրենական պատերազմը 1918 թվականին էր


00:32 , 4 մայիս, 2014

Երկրորդ համաշխարհային պատերազմի այդ դրվագը, երբ Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, որից հետո կարմիր բանակը 1945-ին մտավ Բեռլին, չեմ համարում մեզ համար Հայրենական պատերազմ: Օգտագործում ենք խորհրդային կարգերից մնացած տերմինը առանց դրա իմաստը հասկանալու: Հայրենական պատերազմ է համարվում, երբ օտար պետությունը հարձակվում է հայրենիքիդ վրա, և հայրենիքիդ սպառնում է ոչնչացում: Հայրենական պատերազմ էր մեզ համար 1918 թվականի Մայիսյան հերոսամարտը՝ Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, Սարդարապատ: Իսկ ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումը հայրենական չէր մեզ համար, որովհետև ԽՍՀՄ կոչվող պետությունը մեր հայրենիքը չէր, այլ՝ պետություն, որը 1920 թվականին բռնի կերպով, 11րդ կարմիր բանակի ուժերով, դավաճան հայ բոլշևիկների օգնությամբ գրավել էր Հայաստանը, ոչնչացրել անկախ Հայաստանի Հանրապետությունը, կոտորել հազարավոր հայերի: Երբ անվանում ես ԽՍՀՄ-ը հայրենիք` դրանով նվաստացնում ես Մայիսյան հերոսամարտերի մասնակիցներին, որոնք միայն հայկական ուժերով փրկեցին հայրենիքը թուրք ջարդարարներից, որոնցից շատերին հետագայում հենց հորհրդային իշխանությունները կացնահարեցին: Դրանով վիրավորում ենք այն հայերին, որոնք 1921թ. փետրվարին ապստամբեցին մի քանի ամիս առաջ հաստատված կարմիր լծի դեմ: Երբ ասում ենք, որ ներկայիս ՀՀ-ն Հայաստանի երրորդ հանրապետությունն է, վիրավորում ենք Հայաստանի առաջին Հանրապետությանը,որովհետև խորհրդային Հայաստանը համարում ենք երկրորդը: Խորհրդային Հայաստանը մի խամաճիկային կազմավորում էր, որը ուզուրպացրել էր ՀՀ-ի իշխանությունը՝ այն իշխանությունը, որը 1918թ մեր նախնիների արյամբ հաստատվեց: Մենք ապրում ենք Հայաստանի երկրորդ Հանրապետությունում: Հայրենական պատերազմ չհամարելով հանդերձ հարգում և մեծարում եմ կարմիր բանակի շարքերում կռված և հերոսացած մեր վետերաններին, որովհետև նրանք թեկուզ օկուպացված, բայց Հայաստանի պատիվն էին պահում, որովհետև նրանք բարձր պահեցին հայ ռազմիկի անունը: Հարգում եմ նաև Հայկական լեգեոնի զինվորներին, որովհետև նրանք էլ իրենց ձևով էին տեսնում Հայաստանի փրկությունը և պատերազմի այլ ելքի դեպքում նրանք էին մեր անունը բարձր պահելու: Հարգում եմ նաև երկրորդ աշխարհամարտում մյուս բանակներում մարտնչած բոլոր հայ զինվորներին, որոնք նույնպես բարձր են պահել հայ ռազմիկի անունը: Մեր պետության բացերի մեղավորները բոլորս ենք, ոչ միայն երեք նախագահները, որովհետև 1991-ից մինչև հիմա չհասկացանք` որն է մեր հայրենականը, որն է մեր հայրենիքը, չհասկացանք, որ Արցախյան ազատամարտն է մեր երկրորդ հայրենականը, չազատվեցինք սովետական պրոպագանդայի ազդեցությունից:

Հ.Գ.Վատ չէր լինի, որ ռուս ազգն էլ վերաիմաստավորեր իր պատմությունը 20-րդ դարում: