Մեր տաքգլուխներին հիշեցնեմ, որ ռուսական բանակի մի հզոր ստորաբաժանում նստած է Հայաստանի սրտում


00:45 , 3 մայիս, 2014

Ստիպված եմ նորից հիշեցնելու մեր տաքգլուխներին, որ ռուսական բանակի մի հզոր ստորաբաժանում նստած է Հայաստանի սրտում, իսկ մեր թուրքական սահմանն էլ գտնվում է այդ երկրի սահմանապահ զորքերի հսկողության ներքո: Մենք այս պահի դրությամբ գտնվում ենք Ռուսաստանի անմիջական ճնշման ներքո: Ցանկացած պահի այդ ճնշումը կարող է ընդունել հրեշավոր չափեր մեր կամքից անկախ: 
Մենք այս պահի դրությամբ անհամեմատ թույլ ենք Ռուսաստանից, և մեր դեմ նախաձեռնվող ռուսական որևէ գործողությանը դիմադրելու բավարար ուժեր չունենք: 
Բացի այս բոլորից, մեր նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությունները բացառապես միայն պայմանավորված են նրանով, թե որպես հակառուսական գործողությունների թատերաբեմ կամ միջոց մենք որքանով ենք նրան պետքական: Այլ հետաքրքրություններ մեր նկատմամբ Արևմուտքը երբեք պատմության ընթացքում չի ունեցել և հիմա էլ չունի: 
Այս ընդարձակ նախաբանից հետո մի փոքրիկ խորհուրդ: Եղեք կոռեկտ ձեր հնչեցրած գնահատականների մեջ: Հիմար-հիմար հայտարարություններով հակառուսական հիստերիա մի  բարձրացրեք երկրում, այն երբեք չի կարող մեզ օգուտ տալ, ինչպես օգուտ չտվեց հակաթուրքական դարասկզբի հիստերին: Ընդհակառակը, ժամկետից շուտ նախաձեռնած հակաթուրքական ակցիաներն ու վայնասունը հանգեցրեց մեր մի մեծ հատվածի կոտորածին ու մեր երկրի հիմնական մասի կորստին: 
Այս նույն պատմությունը կարող է կրկնվել նաև հիմա: Մի քիչ հանգիստ վերաբերեք գոյություն ունեցող աշխարհաքաղաքական բաժանումներին մեր տարածաշրջանում, մինչև Արևմուտք-Ռուսաստան բորբոքված հարաբերությունները հանդարտվեն: