Պարոն նախարար, էս ո՞ւր էիր. քանի տարի է ո՛չ ձայնդ էինք լսում, ո՛չ ծպտունդ էր ելնում


15:23 , 2 մայիս, 2014

Hetq.am-ի փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված այսօր անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հաստատության տնօրենի և աշխատակիցների ներկայությամբ վարչապետին են զեկուցել իրենց կողմից բացահայտված փաստերը, ըստ որոնց՝ դասընթացների ժամանակ դաստիարակը գրչով հարվածել է աշակերտներից մեկի ձեռքերին, անվայել արտահայտություններով դիմել նրան: ՄԻՊ գրասենյակի կողմից մի քանի անգամ հաստատությունում բացահայտվել են նաև ժամկետանց սնունդ և սննդի պահման պայմանների խախտումներ: Ներկայացվածի հետ կապված տնօրենը նշել է, որ նկատողություն են ստացել պահեստապետը և դաստիարակը, ինչին ի պաստասխան` վարչապետ Աբրահամյանը բավական կոշտ է պատասխանել ու մասնավորապես ասել. «Եթե մի բան կապված է երեխաների հետ, ինչպե՞ս կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել: Օրինակ, եթե յուրաքանչյուրիս երեխան, ելնելով սոցիալական ծանր վիճակից, գնում է գիշերօթիկ դպրոց, իսկ մանկավարժները նման վերաբերմունք են ցուցաբերում: Ի՞նչ կանեիք դուք, ինչպե՞ս կվարվեիք, եթե ձեր երեխայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք լիներ. նրան ժամկետանց կերակուր տային, խփեին ձեռքերին: Չեմ հասկանում, ի՞նչ մոտեցում է, ո՞վ է այդ իրավունքն ընդհանրապես ձեզ վերապահել: Ի՞նչ է նշանակում նկատողություն տալ: Պետք է անմիջապես մեղավորներին ազատեիք աշխատանքից: Ես շատ խիստ եմ լինելու ձեր բոլորի նկատմամբ և շատ մարդիկ ազատվելու են աշխատանքից»: Հետաքրքրական է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկուցումը, թե համակարգում վերահսկողության և մոնիթորինգի հետ կապված ներդրվում է ամբողջական համակարգ, ձևավորվում է տեղեկատվական միասնական շտեմարան, որտեղ բոլոր նման հաստատությունների համար հաստատվելու է նաև միասնական սննդակարգ: Հիմա դե արի ու մի ասա` բարի լույս պարոն նախարար, էս ո՞ւր էիր, քանի տարի է ո՛չ ձայնդ էինք լսում, ո՛չ ծպտունդ էր ելնում. լավագույն դեպքում օֆշորի Տիկոյի գիտանտ իտելեկտուալ գաղափարներն էիր պաշտպանում Տիկոյի Դավոյի, մաստակ Կառայի ու Վաչե Գաբրիելյանի հետ: Պետք է անպայման նման դեպք լիներ որ հիշեիր, որ նախարարը ոչ միայն պատվո կոչում է կամ տիտղոս, այլ նաև կոնկրետ ոլորտի պատասխանատու է նշանակում ու ունի նաև որոշակի հստակ պարտականություններ: Բա էս ոնց եղավ հիշեցիր: Բա շուտ ներդներիր էդ գերհզոր մտքի տիտան համակարգդ, որ էս օրվան չհասնեինք: Թե ժամանակ չկար, տղերքով դե «լռված» էիք էլի Տիկոյի շվաքի տակ ու թքած ունեիք ժողովրդի վրա էլ, հասարակության վրա էլ, պարզ քաղաքացու վրա էլ: Բա մի հատ պատկերացրու՝ վաղը հեղափոխություն է լինելու, դու դառնալու ես չքավոր ու երեխադ ստիպված գնալու է գիշերօթիկ, որ սոված չմնա, գոնե կուշտ հաց ուտի, ու էդպես անմարդկային վարվեն հետը, ի՞նչ կանես, էդ մոնիթորինգդ ո՞ւմ որ մի տեղը կմտցնես .... չես կարող չէ պատասխանել: Բա ինչ տարբերություն, քո երեխան երեխա է, էդ երեխաները չէ, թե քոնի արյունը ավելի կարմիր է: Տեսնո՞ւմ ես, չես կարողանում պատասխանել: Իսկ երեխան երեխա է, ու կապ չունի, որ ինքը նաև քո մեղավորությամբ է տաք ճաշի կարոտ, ու դու պարտավոր ես համապատասխան կերպով հոգ տանել երեխայի նկատմամբ, առավելապես, որ չքավոր է: Ի վերջո, դու էլ ես մտնում չքավոր երեխաների մանկության գողերի ցանկի մեջ: