Դժբախտաբար, Թուրքիայի ջրաղացին ջուր լցնողները նաև մեր հայրենակիցներն են


14:18 , 2 մայիս, 2014

Թուրքիան շարունակում է իր խաղը խաղալ: Հերիք չէ՝ այդ երկրի վարչապետը Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա նախօրեին ինչ-որ խաբուսիկ հայտարարություն արեց և որոշ չափով մոլորեցրեց միջազգային հանրությանը, այժմ Էրդողանը կարծես շարունակում է նույն տրամաբանությամբ հերթական քայլերը ձեռնարկել: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» պարբերականի կայքը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և հայ համայնքի այլ ներկայացուցիչների։ Հանդիպումից հետո էլ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպել է լրագրողների հետ: Ստորև ներկայացնենք, թե կոնկրետ ինչ է ասել սրբազանը, այնուհետև փորձենք դա մեկնաբաել:

Նա նշել է, որ Թուրքիայի աշխարհագրական տարածքը հոգնել է ցավ տեսնելուց։ «Ոչ ոք չի կարող հերքել, որ տասնյակ հազարավոր ընտանիքների զավակներ կորցրին իրենց մայրերին, հայրերին, զավակներին, քույր-եղբայրներին։ Այս հողերը կշտացել են արյունից։ Այդ ամենն այս երկրում է տեղի ունեցել։ Այժմ կարծես մի դի կա, որը սկսել է հոտել, և բոլորին անհանգստություն է պատճառում այդ հոտը։ Երկու հանրությունները պետք է կողք-կողքի գան։ Ինչ աղոթք որ պետք է, թող կարդան, սակայն այդ դին, քանի դեռ չի սկսել քայքայվել, պետք է թաղեն»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը: Այնուհետև վերջինս անդրադարձել է նաև Էրդողանի հայտարարությանը՝ հայերի ցավը կիսելու վերաբերյալ։ Նա Էրդողանին համեմատել է Նոյ նահապետի ուղարկած աղավնու հետ, որը ձիթենու ճյուղ է բերել։ «Մենք չենք ցանկանում, որ այդ ճյուղը չորանա։ Մենք ցանկանում ենք այն տնկել և պտուղները տեսնել։ Մենք կարոտում ենք այն օրերը, երբ երկու ժողովուրդներն ապրում էին կողք-կողքի՝ բարեկամաբար»,- եզրափակել է Աթաշյանը։

Տեսեք, առաջին հերթին արքեպիսկոպոս Աթեշյանը, ըստ էության, խոսում է ցեղասպանության մասին և դրա հետևանքների վերացման մասին: Վերջինս ճիշտ է ամեն ինչ ասում է փոխաբերությունների միջոցով, բայց ամեն դեպքում, կարծում եմ՝ ուղերձը հասկանալի է: Նա ասում է, որ քանի դեռ դին չի քայքայվել, ասել է թե քանի դեռ կա, կամ էլ ստեղծվել է հնարավորություն, կողմերը պետք է փորձեն լեզու գտնել միմյանց հետ և վերջնականապես լուծեն այս խնդիրը: Ինչ խոսք, սա շատ դրական և ողջունելի մոտեցում է, բայց այն, ինչը սրբազանն ասում է դրանից հետո, ինձ անձամբ այդքան էլ դուր չի գալիս:

Երբ Աթաշյանը Էրդողանին համեմատում է աղավնու հետ, ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ իբր հաշտության պատրաստակամությունն ու ուղերձը հղվում է Թուրքիայի կողմից, և որին Հայաստանը պետք է արձագանքի: Այլ կերպ ասած՝ Թուրքիան արել է որոշակի քայլ, և այժմ գնդակը մեր դաշտում է, և մենք ինքներս պետք է ինչ-որ պատասխան քայլեր ձեռնարկենք: Կարճ ասած, եթե փոխանորդի փոխաբերությունների լեզվով ասենք` ճյուղը Թուրքիայի կողմից, իսկ այդ ճյուղը տնկել ու ջրելը` մեր:

Ասեմ հետևյալը` նման մոտեցումը բնավ ընդունելի չէ մեր կողմից: Այդ Հայաստանն է մշտապես հանդես եկել առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու կոչերով, մինչդեռ Թուրքիան մշտապես առաջ է քաշել որոշակի նախապայմաններ: Ի դեպ, այս մոտեցումը պահպանվել նույնիսկ վարչապետ Էրդողանի՝ վերջերս արած հայտարարությունից հետո: Ինչպես հիշում եք, այդ հայտարարությունից ընդամենը մեկ օր անց պաշտոնական Անկարան հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն զարգանա, ասել է թե, սահմանը չի բացվի, քանի դեռ չկա զարգացում Արցախյան հակամարտության բանակցությունների սեղանին:

Մյուս կողմից, ամեն դեպքում, հասկանալի է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պահվածքն ու հայտարարությունը: Ի վերջո, չմոռանանք, որ պատրիարքարանը, ցավոք սրտի, բայց Թուրքիայի կառավարության ձեռքերում վաղուց մի խամաճիկ է, որն ինչպես ցանկանում, այդպես էլ օգտագործվում է Թուրքիայի կողմից: Ասեմ ավելին, նույնիսկ դժվարանում եմ նաև մեղադրել մեր` Թուրքիայում առկա համայնքին: Այդ երկրում ապրող մարդիկ մշտապես ճնշումների տակ են: Դժվար է ապրել Թուրքիայի պես երկրում և լինել կատաղի հայրենասեր և առանց վախի և մտահոգության պայքարել «ազգային շահերի» համար:

Ինչևէ, եղածը եղած է: Փաստն այն է, որ Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի, ցանկանում է պահպանել միջազգային հանրության շրջանում ստեղծված կամ էլ ստեղծվող այն պատրանքը, թե իբր քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Ընդամենը մի բան կարելի է ասել այս ամենից հետո. դժբախտաբար, այդ ջրաղացին ջուր լցնողները նաև մեր հայրենակիցներն են...