12:59 , 2 մայիս, 2014
Հաշվի առնելով ուկրաինական վերջին զարգացումների փորձը՝ նախնական դիտարկումներով Ռուսաստանի գործելաոճից կարելի է առանձնացնել մի քանի կարևոր նորամուծություն, որոնք առանձին-առանձին կարիք կունենան հետագա՝ ավելի մանրամասն և համակողմանի վերլուծության և ներկայացման:
Նախ՝ հատուկ ուշադրության է արժանի ռուսական լրատվամիջոցների լավ ծրագրված և մասնագիտական առումով բարձրորակ, չխուսափենք իրերն իրենց անունով կոչելուց, քարոզչական արշավը, որի իրականացման ընթացքում լրատվական դաշտում լրագրողների և վերլուծաբանների ազատ ստեղծագործ աշխատանքը փաստացիորեն համադրվում է կենտրոնացված չափավոր համակարգման հետ:
Երկրորդ կարևոր հանգամանքը հենց Արևմուտքում մշակված քաղաքական տեխնոլոգիաների Ռուսաստանի կողմից արագ յուրացումը և կիրառումն է, ընդ որում՝ հընթացս արագ տեղի ունեցող զարգացումների և «դաշտային» պայմաններում: Խոսքը մասնավորապես կոնկրետ վայրում «կառավարելի քաոսի» խթանման կամ հրահրման և դրա ձնագնդի էֆեկտով տարածմանը նպաստելու մասին է, ինչը ներկայում հաջողությամբ կիրառվում է Ուկրաինայի արևելյան շրջաններում:
Երրորդը՝ ոչ միայն չի մերժվում խորհրդանիշների կարևորությունը, այլև փորձ է կատարվում դրանք լավագույնս օգտագործելու քարոզչական և զգացական ազդեցության դաշտում: Այս համատեքստում ամենևին իզուր չէ, որ «քաոսի» ամրացված կենտրոն է դառնում ռուսալեզու և ուկրաինալեզու մարդու համար ակնհայտ զգացական լիցք պարունակող՝ մինչ այդ գրեթե անհայտ հենց Սլավյանսկ անվանումով քաղաքը:
Եվ ամենավերջինը՝ Մոսկվան որպես հակառակորդի զսպման և սեփական քաղաքական շահերի պաշտպանության միջոց արդեն իսկ պարբերաբար կիրառում է ռազմական ուժի սպառնալիքը կամ այդ ուժի ոչ բացահայտ ներգրավումը տարբեր գործընթացներում՝ առանց հատուկ բարձրագոչ հայտարարությունների և «թատերականացված» զինված ներխուժման: