16:53 , 30 ապրիլ, 2014
Ուկրաինական հակամարտությունը գնալով լճանում է, եթե, իհարկե, արդեն իսկ չի լճացել: Ղրիմն այլևս Ռուսաստանի մաս է և թերևս բացառված է դրա վերադարձը Ուկրաինայի կազմ, իսկ Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում ապստամբությունը շարունակվում է, իսկ լիարժեք վերահսկողություն այդ շրջանների նկատմամբ ո´չ ապստամբներն են կարողանում հաստատել, ո´չ էլ, առավել ևս, Կիևը: Այս ամենին զուգահեռ էլ Արևմուտքը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ, որոնք ոչ միայն չեն նպաստում խնդրի կարգավորմանը, դեռ մի բան էլ ավելի են ստիպում Ռուսաստանին կոշտացնել սեփական դիրքորոշումը, որն էլ իր հերթին ավելի անհեռանկարային է դարձնում հակամարտության կարգավորումը:
Այսօր Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խոստովանել է, որ իրենց չի հաջողվում վերահսկողության տակ առնել Լուգանսկի և Դոնեցկի շրջանները: Վերջինս այս կապակցությամբ ասել է հետևյալը. «Ցանկանում եմ ազնվորեն ասել, որ այսօրվա դրությամբ ուժային կառույցները չեն կարողանում օպերատիվ կերպով իրենց վերահսկողության տակ վերցնել իրավիճակը Լուգանսկում և Դոնեցկում»:
Սա փաստացի ցույց է տալիս, որ խնդրի ուժային լուծումն անարդյունավետ է և կողմերը պարզապես այլ ելք չունեն, քան փնտրել փոխզիջումային տարբերակ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Թերևս սա էլ հենց պատճառ է հանդիսացել, որ վերջին շրջանում Կիևից սկսել են էլ ավելի շատ խոսել սահմանադրական բարեփոխումների մասին: Օրինակ՝ այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստի բացման ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել քաղաքական բոլոր ուժերին մինչև մայիսի 25-ը (նախագահական ընտրությունների անցկացման օրը) ստորագրել Սահմանադրության նախագիծը՝ այն Վենետիկյան հանձնաժողովին ու Սահմանադրական դատարանին հանձնելու համար: Չգիտեմ, թե ինչքանով սա արդյունավետ կլինի, բայց ամեն դեպքում նախագահի ընտրությունները չհետաձգելը և փոխարենը մինչ այս հապճեպ սահմանադրական փոփոխություն անելը չեմ կարծում, որ լավագույն տարբերակն է իրավիճակից դուրս գալու համար: Ինչևէ, լավատեսորեն հուսանք, որ կլինի դրական արձագանք...
Ինչ վերաբերում է այս ամբողջ ճգնաժամի համատեքստում դիվանագիական պատերազմին Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ապա պետք է ասել, որ կողմերի միջև անդունդը գնալով մեծանում է: Արևմուտքը գնալով ավելի կոշտ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, առավել ևս ԱՄՆ-ն, մինչդեռ Ռուսաստանն էլ սրան ի պատասխան սպառնում է խնդիրներ ստեղծել Ռուսաստանում առկա արտասահմանյան ընկերությունների համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի (խոսքը տնտեսական պատժամիջոցների մասին է), ապա իրենք ստիպված կլինեն «մտածել, թե ով ինչպես է աշխատում Ռուսաստանում՝ երկրի տնտեսության առանցքային ոլորտներում՝ ներառյալ էներգեետիկ»: Կարճ ասած՝ Ռուսաստանը սպառնում է Արևմուտքին ճիշտ նույն պատժամիջոցներով, որոնք այժմ կիրառվում են ռուս գործիչների և ռուսական ընկերությունների նկատմամբ` մոտքի արգելք, հաշվիների սառեցում: Պուտինի խոսքերով, իրենք բնավ չեն ցանկանում դիմել նման միջոցների և հույս ունեն, որ «նման քայլերի» անհրաժեշտություն չի լինի: Սա պատժամիջոցների մասով:
Ինչ վերաբերում է երկկողմ հռետորաբանությանը, ապա պետք է ասել, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով բացեիբաց սկսել է մեղադրել Արևմուտքին, առաջին հերթին ԱՄՆ-ին՝ Ուկրաինայում առկա ճգնաժամը հրահրելու մեջ, որն էլ իր հերթին նույն մեղադրանքով մեղադրում է Ռուսաստանին:
Մի խոսքով, իրավիճակը բավականին բարդ է: Դժբախտաբար, սա գնալով նմանվում է Սիրիական հակամարտությանը: Նմանվում է այն իմաստով, որ ճգնաժամը, ինչպես որ սկզբում նշվեց, լճանում է: Կողմերը պայքարում են, պայքարում են, և ոչ ոք չի կարողանում կոնկրետ արդյունքներ գրանցել, ասել է թե, չի կարողանում հաղթել, իսկ արդյունքում տուժում է երկիրը, ընդ որում, տուժում է բառի ամենալայն իմաստով: Ուկրաինայում գնալով հասունանում է հումանիտար աղետ, տնտեսությունը կոլապսի եզրին է, իսկ քաղաքական համակարգը գտնվում է կատարյալ քաոսի մեջ:
Ահա և Ռուսաստանի և Արևմուտքի միջև լեզու չգտնելու հետևանքները Ուկրաինայի և ամենակարևորը ուկրաինացիների համար: