Իսկ դուք գիտե՞ք, որ Գալուստ Սահակյանի 1 ամսվա աշխատավարձը ավելին է, քան ուսուցչի 1 տարվա աշխատավարձը


13:19 , 30 ապրիլ, 2014

Երկուշաբթի կավարտվի իմ ուսանողական պրակտիկան երևանյան դպրոցներից մեկում, որտեղ պրակտիկորեն կիրառում եմ հոգեբան-մանկավարժի իմ մասնագիտությունը:

Մի երկու անգամ հպանցիկ անդրադարձել էի դպրոցի արդի խնդիրներին ու ներառական կրթության մասին օրենքի թերի կողմերին և հիմա ուզում եմ շարունակել այս թեման:

Ժողովուրդ, իսկ դուք տեղյա՞կ եք, որ ուսուցիչը ստանում է նվաստացուցիչ ցածր աշխատավարձ (միջինը մի 50 հազար դրամ), բայց միևնույն ժամանակ, ուսուցչի մասնագիտական ծանրաբեռնվածությունն էականորեն ավելացել է, ինչ սկսել է գործարկվել ներառական կրթության մասին օրենքը:

Արդյունքում ունենք հետևյալ պատկերը. ուսուցիչների լիազորությունները անընդհատ կրճատվում են, շատանում են հատուկ ուշադրության կարիք ունեցող աշակերտները, ինչպես նաև չստացված աբորտների արգասիքների թիվն է կտրուկ աճում (ուսուցչին ծեծող, վիրավորող, դպրոցում ուռող ու էլի ինչ ասես անող), ավելի շատացել են պաթոսն ու վերահսկողություն իրականացնող չինովնիկները:

Ու հիմա խեղճ դասատուն պետք ա կարողանա հա՛մ դասարանը կառավարի, հա՛մ սովորական երեխաներին դաս սովորեցնի, հա՛մ առանձին ուշադրություն դարձնի ներառական կրթական համակարգով ընդգրկված աշակերտներին, այս ամենը անի ինչ-որ լկտի ու անդաստիարակ լակոտի/լակոտների չարությունների ֆոնին, որոշակի հաճախականությամբ մուննաթի դոզա ստանա ծնողներից և ամսվա վերջում ստանա այդ բաղձալի 48.000 դրամը:

Թող այս ստատուսը կարդացողը մի հատ ինքը փորձի պատկերացնել նման պայմաններ: Պատկերացրեցի՞ք: Դա հիմա ձեռքներդ սրտներիդ դրեք ու ասեք՝ կուզենայի՞ք դպրոցում աշխատել: Եթե դպրոցում ուզում եք աշխատել, ապա պատրա՞ստ եք բավարարվել օրինական վաստակով, որը դե ֆակտո ավելի ցածր է նվազագույն աշխատավարձից, ու այդ հարյուր դոլարի համար անասելի փորձության ենթարկեք ձեր ֆիզիկական ու հոգեկան առողջությունը: Դժվար թե ուզեք...

Ի դեպ, որպեսզի հասկանաք, թե ինչպիսի նվաստացուցիչ միջավայր է ստեղծում Հայաստանի Հանրապետությունը ուսուցիչների համար, ձեզ մի գաղտնիք էլ բացեմ. Գալուստ Սահակյանի, Շմայսի, Գեներալ Մանվելի, Թոխմախի Մհերի, Նովոյի, Բուլկիի, Քույրիկի, Կարամելի Հարութի, Ապարանցի Լյովայի ու այլ նմանօրինակ ԱԺ-ական ինդիվիդների մեկ ամսվա աշխատավարձն ավելի շատ է, քան 40 տարվա ստաժ ունեցող ուսուցչի 1 տարվանը: