9 տարի առաջ այս օրը վախճանվեց հայ մեծ դերասան Արմեն Խոստիկյանը


19:16 , 22 հուլիս, 2012

Թատրոնի, կինոյի, էստրադայի սիրված դերասան Արմեն Խոստիկյանը ծնվել է 1929թ. մայիսի 22-ին, Երևանում: Ավարտել է մայրաքաղաքի թիվ 30 դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից և ընդունվել իր նախասիրած՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Արմեն Գուլակյանի դասարան):

Ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, որին և հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը: Ա. Խոստիկյանը խաղացել է բազմաթիվ դրամատիկ դերեր, սակայն ժողովուրդը նրան ընդունեց և սիրեց իբրև կատակերգակ դերասանի: Իսկ կինոյում նրա խաղացած առաջին իսկ դերերը` "Ոսկե ցլիկում"՝ հորթապահ, "Նվագախմբի տղաներում"՝ Մասխարա Զավեն, այնքան սիրելի եղան հանդիսատեսի համար, որ այդ կերպարների արտահայտությունները դարձան թևավոր խոսքեր: 

Փոխադարձ սիրով կապված լինելով հանդիսատեսի հետ` մեծ բարեխղճությամբ ընդառաջ էր գնում իր հայրենակիցներին, և Հայաստանում չկա մի գյուղ կամ դպրոց, որտեղ նա խաղացած կամ հանդիպման մասնակցած չլինի: Թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում և էստրադայում շուրջ 50 տարի եղավ ինքնատիպ կատակերգակ և ընդմիշտ մնաց հայ թատերարվեստի պատմության մեջ: Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: