09:56 , 30 ապրիլ, 2014
1in.am-ը գրում է.
Հազվագյուտ քաշմիրյան շափյուղայով պլատինե մատանին երեկ Նյու Յորքում Sotheby’s աճուրդի տան կողմից վաճառվել է 5 մլն դոլարով: Ինչպես հայտնել են Sotheby’s-ի ներկայացուցիչները, քարը դարձել է կարատի արժեքով ամենաթանկ շափյուղան, որը երբևէ վաճառվել է աճուրդում:
Մատանին, որը զարդարված է եղել նաև 32 ադամանդներով, պատրաստված է եղել Oscar Heyman & Brothers նյույորքյան ոսկերչական ընկերության կողմից: Շափյուղան կշռել է 28.18 կարատ, այսինքն՝ մեկ կարատն արժեցել է մոտ 181 հազար դոլար:
Գնորդի անունը չի հաղորդվում: Հայտնի չէ նաև մատանին աճուրդի ներկայացնողի անունը: Հայտնի է միայն, որ նախկին տերն այն գնել է ավելի քան 30 տարի առաջ՝ Նյու Յորքի Sotheby’s-ի աճուրդում:
Sotheby’s-ի ոսկերչական դեպարտամենտի ղեկավար Գարի Շուլերի խոսքով՝ վաճառքից ստացված միջոցները կուղղվեն բարեգործությանը:
Թոփ լոտ է դարձել 15.23 կարատանոց նարնջա-վարդագույն ադամանդով մատանին: Այն 6.1 մլն դոլարով գնել է ամերիկացի մասնավոր կոլեկցիոները: Աճուրդին ներկայացված է եղել նաև հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Էյդի Գորմեի թանկարժեք զարդերի հավաքածուն, որը վաճառվել է 2.2 մլն դոլարով: Երգչուհին մահացել է անցած տարվա օգոստոսին:
Ընդհանուր առմամբ միջոցառման ժամանակ վաճառվել է 44.3 մլն դոլարի զարդ: