14:10 , 29 ապրիլ, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ադրբեջանում ձերբակալել են հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն: Նրանց Բաքվի օդակայանում թույլ չեն տվել մեկնել Քաթար: Լեյլա Յունուսին տեղափոխել են Բաքվի Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչություն, իսկ նրա ամուսնուն նախակաթվածային վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Ձերբակալության և հարցաքննության ընթացքում Յունուսի նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել: Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնել են, որ Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն բերման են ենթարկել լրագրող Ռաուֆ Միրկադիրովի քրեական գործով, որով նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսութան համար: Յունուս ամուսինները ներգրավվել են որպես վկաներ, սակայն հնարավոր է, որ շուտով նրանք ներգրավվեն որպես կասկածյալներ: Լեյլա Յունուսը դատապարտել էր Միրկադիրովի ձերբակալությունը և հայտարարել, որ, ինքն էլ է մասնակցել ադրբեջանական և հայկական հասարակական կազմակերպությունների ծրագրերին: Տեսանյութում նկարահանումն իրականացնող լրագրողը հարց է ուղղում Բաքվի Յասմալի շրջանի ոստիկանապետ Իսմայիլ Էսադովին: Ոստիկանապետի պատասխանը լիարժեք բացահայտվում է այս միջադեպի հակահայկական էությունը:
Հետագայում ոստիկանության պետը լրագրողին բացատրում է, որ պետք է հայրենասեր լինել, հակահայկական քարոզ կարդում լրագրողի համար, որը, սակայն, հրաժարվում է հասկանալ: Ամենայն հավանականությամբ, Լեյլա Յունուսի դեմ նույնպես քրեական գործ կհարուցվի: Նա, ինչպես Ռաուֆ Միրկադիրովը, բազմիցս քննադատել է Ալիևի վարչակարգը: Այդ պատճառով Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է նրանց Հայաստան այցելությունները, հայերի հետ շփումները ներկայացնել որպես դավաճանություն և մեկընդմիշտ լռեցնել, միաժամանակ հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել հակահայկական կեղծ քարոզչությամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ