Ասադը, վերականգնված վստահությամբ, մտնում է պայքարի նոր փուլ


17:48 , 28 ապրիլ, 2014

Սիրիայի Արաբական Հանրապետության գործող նախագահ Բաշար Ասադը, ինչպես երևում է, ոչ միայն հանձնվելու մտադրություն չունի, այլ դեռ մի բան էլ պատրաստվում է էլ ավելի ամրապնդել սեփական դիրքերը երկրի կառավարման համակարգում: Քիչ առաջ Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը տարածեց տեղեկատվություն, ըստ որի՝ Ասադը ներկայացրել է իր թեկնածությունը հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում: ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Մուհամադ Ջիհադ Ալ Լյահամը՝ վկայակոչելով Գերագույն Սահմանադրական դատարանից ստացված տեղեկությունը:

Վերջերս շատ էր խոսվում այն մասին, որ Բաշար ալ Ասադն իր թեկնածությունը կարող է առաջադրել գալիք նախագահական ընտրություններին, առավել ևս այն դեպքում, երբ հենց վերջին ժամանակներում Սիրիայի կառավարական զորքերը սկսեցին մեծ հաջողություններ գրանցել ընթացիկ պատերազմում: Ի վերջո, մինչ ամբողջ աշխարհը վերջին ամիսներին իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի ուղղությամբ, Սիրիայում Ասադը կարծես «կարգուկանոն է» հաստատում:

Նույնիսկ մինչ Ուկրաինական հակամարտության մեկնարկը, մի շարք փորձագետներ կարծում էին, որ Ասադը փորձում էր ժամանակ շահել մինչ հունիս և մասնակցել, այսպես ասած, «Սիրիայում նոր կառավարության ձևավորման գործընթացին», որը, ըստ էության, պահանջում էր նախորդ տարի միջազգային հանրության կողմից հաստատված և այդքան բանակցված «Ժնևյան կոմյունիկեն»: Իսկ այժմ, երբ Ասադն ավելի բարվոք դիրքերում է՝ վերականգնված վստահությամբ, ինչպես նաև բարձրացված հեղինակությամբ հասարակության կողմից, վերջինս ընտրություններում հաղթելու բավական մեծ շանսեր ունի: Միանգամայն այլ բան է, որ այդ ընտրությունները կարող են բոյկոտվել «Սիրիական ազգային կոալիցիայի», այսպես կոչված, սիրիական ընդդիմության, ինչպես նաև Արևմուտքի կողմից, բայց փաստացի այսօրվա դրությամբ Սիրիայի ամբողջ տարածքում Ասադն ամենահեղինակավոր քաղաքական, պետական գործիչն է և, եթե լինեն ընտրություններ, ապա վերջինս հաղթելու մեծ շանսեր կունենա:

Դե ինչ, տեսնենք, թե ինչ տեղի կունենա մինչ հունիս: Տեղի կունենա՞ն արդյոք ընտրություններ այդ ժամանակ, թե՝ ոչ, եթե այո, ապա կմասնակցե՞ն դրան բոլոր կողմերը, թե՝ ոչ: Ի վերջո, ինչպե՞ս դրան կարձագանքի միջազգային հանրությունն ու կոնկրետ Արևմուտքը և ի՞նչ հավանական քայլեր կարող են ձեռնարկվել, որպեսզի դրանք անցնեն խաղաղ, արդար և բոլորի կողմից «ընդունելի տարբերակով»:

Կարճ ասած՝ միջազգային քաղաքականությունն այնպիսի անկանխատեսելի երևույթ է, առավել ևս մեր օրերում, որ կանխատեսումներ անելը բավական դժվար է, այնպես որ, ավելի լավ կլինի շատ առաջ չանցնել և մի քիչ էլ սպասել: Մյուս կողմից էլ ուզում եմ ասել, որ անձամբ ես, ցավոք, այդքան էլ լավատես չեմ այս ընտրությունների հարցում և չեմ կարծում, որ սա կարող է դառնալ հանգրվան Սիրիական հակամարտության լուծման համար: Այս հակամարտության վերջն առայժմ չի երևում. չկա ոչ մի ընդհանուր եզր Ասադի և «ընդդիմության» միջև, չկա ընդհանուր եզր Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և, առհասարակ, այն չափազանց խճճված է: Միակ բանը, որ ներկա դրությամբ քիչ թե շատ կարելի է հստակ ասել, դա այն է, որ Ասադն ավելի նպաստավոր պայմաններում է, քան մի քանի ամիս առաջ էր և հստակ, աննահանջ քայլերով ընթանում է դեպի սեփական ղեկավարմանը հավելյալ «լեգիտիմություն» հաղորդելու ճանապարհով: