Յուլյա Տիմոշենկոն սենսացիոն հայտարարություն է արել


16:43 , 26 ապրիլ, 2014

Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն սենսացիոն հայտարարություն է արել: Վերջինս հեռուստաեթերում ուղիղ եթերով ասել է, որ խորհրդարանում քննարկվում է նախագահ ընտրելու լիազորությունը Գերագույն ռադային փոխանցելու հարցը: Ըստ Տիոշենկոյի՝ փորձ է արվում ժողովրդից խլել ընտրելու իրավունքը: Նախկին վարչապետը նշել է, որ այսօրվա դրությամբ խորհրդարանում ներկայացված է ամբողջ օլիգարխիան, և հենց այդ մարդիկ են քննարկում տվյալ հարցը: Այս հայտարարությունը, ինչպես քիչ առաջ նշեցի, սենսացիոն է, ուշագրավ: Ասեմ ավելին, ոչ միայն մեկ իմաստով:

Նախ, եթե սա ճիշտ է, ապա դե ֆակտո հեղաշրջման արդյունքում իշխանության եկած մարդիկ հերթական անգամ ոտնատակ են անում այդ երկրի սահմանադրությունը: Այլևս այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայում ամենաթողությունը կառավարման համակարգում հասել է ծայրահեղության: 
Երկրորդ, եթե սա ճիշտ է, ապա, հետաքրքիր է իմանալ, թե այդ ինչու է այս հարցում մտահոգություն հայտնում հենց Տիմոշենկոն: Եթե ես չեմ սխալվում, իսկ այս դեպքում հաստատ չեմ սխալվում, այսօրվա դրությամբ կառավարման լծակները, առնվազն դրա «իրավական» մասով, Տիմոշենկոյի թիմակիցների ձեռքում են: Այդ երկրի նախագահի պաշտոնակատարն ու Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, ինչպես նաև Ուկրաինայի գործող վարչապետ Արսենի Յացենյուկը Յուլիա Տիմոշենկոյի ամենամտերիմ մարդիկ են: Տեսեք, այս երկրորդ հարցից էլ բխում է ևս երկու հարց:

Որո՞նք են Տիմոշենկոյի` նման հայտարարության դրդապատճառները: Առաջին հավանական տարբերակը հետևյալն է` Տիմոշենկոն հասկանում է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները երկիրը փաստացի տանում են դեպի կործանում և զոհաբերում է բոլորին` իրեն տարանջատելով վերջիններիս գործողություններից: Կարճ ասած՝ թիմակիցներից ոմանց «քցելով»`փորձում է բարձրացնել սեփական հեղինակությունն ու ներկայացնել սեփական անձը որպես այլընտրանքային ուժ, որը կկարողանա կարգուկանոն հաստատել երկրում: Երկրորդ տարբերակն էլ այն է, որ սրանով Տիմոշենկոն փորձում է հեղինակազրկել նախագահի ամենահավանական թեկնածու Պորոշենկոյին` պիտակավորելով օլիգարխներին: Այլ կերպ ասած՝ գործողությունների դրդապատճառը մեծ հաշվով նույնն է, ինչ վերը նշված առաջին տարբերակում՝ սեփական հեղինակության բարձրացման հարցը և դրանից բխող հավակնությունները:

Մեծ հաշվով բարդ է Տիմոշենկոյին ամբողջությամբ հասկանալը, բայց ամեն դեպքում մենք փորձեցինք որոշակի ենթադրություններ անել: Կարծում եմ՝ մոտ օրերս շատ հարցերի շուրջ լույս կսփռվի:

Այնպես որ, սպասենք իրադարձությունների զարգացմանը: