14:12 , 26 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է, որ վերջին 20 տարում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով բարձրանում է տագնապայնության մակարդակը, որը հասարակության մոտ հստակ չի գիտակցվում: Փոփոխվող աշխարհի մարտահրավերները, օրինակ՝ Ուկրաինայի ճգնաժամը, Ռուսաստան-ԱՄՆ հակամարտությունը ազդում են հայ հասարակության հոգեբանության վրա:
«Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է, և նրա կոտրվելու դեպքում մեզ համար շատ բաներ կարող են փոխվել»,- համոզված է հոգեբանը:
Վերջինիս համոզմամբ՝ մեզանում հասարակության մեջ, որը բաժանված է արևմտամետների ու ռուսամետների, նաև իշխանական օղակներում անորոշությունը հիմքեր է ստեղծում միֆերի, զանազան լուրերի առաջացման համար: Այս համատեքստում հոգեբանը հետաքրքիր է համարում ընդդիմության դիրքորոշումը, որը լռություն է պահպանում Կիևի դեպքերի առնչությամբ:
«Ընդդիմադիր դաշտում մի տեսակ մեղմացան Ռուսաստանի նկատմամբ քայլերը, նշանակում է՝ կա անորոշություն»,- եզրակացրեց հոգեբանը:
Նա որպես հայ հասարակության մեջ տագնապայնության բարձր մակարդակը ցույց տալու վառ օրինակ բերեց ապրիլի 24-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության արձագանքը մեզանում: «Էրդողանի հայտարարությունը հստակ քայլ էր, որը, սակայն հստակ չգիտակցվեց: Հասկանում եմ, որ նա թուրքական դիվանագիտություն է բանեցնում, բայց դու էլ խաբիր»,- ասաց բանախոսը:
Հարցին՝ արդյո՞ք ադեկվատ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե՝ «թուրք ժողովուրդը մեր թշնամին չէ», հոգեբանը համոզված նշեց, որ դա միանգամայն համարժեք պատասխան է: «Ժողովուրդներն իրար թշնամի չեն կարող լինել: Ժողովուրդն այդ պատմությունների հետ քիչ կապ ունի: Մեղավորը վերևներն են ու քարոզչությունը»,- ասաց Ս. Խուդոյանը:
Նրա համոզմամբ՝ անհեթեթություն է, օրինակ, թշնամի համարել գերմանացիներին՝ նացիստական Գերմանիայի պատճառով, երիտթուրքական կառավարության պատճառով՝ ամբողջ թուրք հասարակությանը, որի մեջ քիչ չեն այն մարդիկ, որ ընդունում են Ցեղասպանության փաստը:
Ինչ վերաբերում է մեզանում զոհի սինդրոմի առկայության փաստին, հոգեբանը ընդունեց, որ «ինչ-որ տեղ դա զոհի բարդույթ է», սակայն նա դա չի դիտարկում «բացասական բան քաղաքական դիվիդենտների առումով»: Որպես օրինակ բանախոսը բերեց հրեաների օրինակը, որոնք հաջողությամբ օգտագործում են դա քաղաքական նպատակներով: Հոգեբանը դա անվանեց ոչ թե «խեղճություն, այլ պայքարելու, հաղթելու տակտիկա»:
Նրա համոզմամբ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստըը կօգնի ազատվել «զոհի բարդույթից»: «Չէ՞ որ չընդունելը Ցեղասպանությանշարունակություն է»,- համոզմունք հայտնեց հոգեբանը՝ նշելով, որ եթե նպաստավոր պայմաններ լինեին, թուրքերը նորից կդիմեին ջարդերի օգնությանը:
Նրա համոզմամբ՝ փոքր ազգերն ունենում են անլիարժեքության բարդույթ, որն արտահայտվում է կամ թերարժեքության կամ գերարժեքության դրսևորումներով: «Մենք հպարտանալու շատ տեղեր ունենք: Հիմքեր չունենք նեղվելու, չնայած պատմությունը մեզ վատ դասեր է տվել»,- ասաց Խուդոյանը:
Նա խորհուրդ տվեց քաղաքական գործիչներին ու հայերին՝ մտքերն ու ցանկությունները չբարձրաձայնել, այլ գործել թշնամու տակտիկայով. «Եթե քծնում են, դու էլ քծնիր, եթե նա դիվանագիտություն է բանեցնում, դու էլ բանեցրու»: