Սեր՝ աշուն-ձմեռ տեսականի


13:36 , 21 հուլիս, 2012

երանի կարողանայի սիրել քեզ գարնան երկրորդ օրը
աշնան առաջին երկու շաբաթն ու մի ամբողջ ձմեռ
ամռանը՝ շաբաթական երկուսից երեք անգամ
իսկ հաջորդ տարի մի ծայրից մյուսը

Ամառը նախատեսված ա կարճ շրջազգեստների, դոշերի ցուցադրման եւ կողոպուտների համար։ Հանգստի մեկնելուց չմոռանաք անջատել հարթուկը, փակել պատուհանները եւ կողպել մուտքի դուռը։ Ամառը նախատեսված չի սիրո համար։

Ձմեռն իր հերթին շատ հարմար ա վանդակավոր ծածկոցներով փաթաթվելու եւ ֆիլմ դիտելու համար։ Երբեմն անկողին, երբեմն ուտելիք, մաքուր օդը միայն տնից խանութ, խանութից տուն ճանապարհին, եւ այս ամենը ձմռանը բնորոշ ալարկոտությամբ։ Ձմեռը նախատեսված չի սիրո համար։

Գարունը որպես նորի սկիզբ։ Գարնանը գուցե արյուններս եռար, երջանիկ լինեինք։ Ընկերներ, խնջույքներ, երեկոյան ձեռք բռնած զբոսանքներ։ Գարունը նախատեսված ա թեթեւության եւ վայելքի համար։ Բայց կրկին ոչ սիրո։

Աշուն։ Աշնանային անձրեւներ, մռխկած եղանակ, քամի։ Աշունը նախատեսված ա մենակությունից հաճույք ստանալու համար։ Երբ ինքդ քո գլխի տերն ես, երբ ուղղությունդ ամեն արվող հաջորդ քայլից ա կախված, երբ հանդիպումները անակնկալ են, երբ քաղաքը քո միակ սերն ա։ Դեպքերի նման դասավորվածությունն անպայման պատճառ  կհանդիսանար, որ աշնանն իրար հրաժեշտ տայինք։ Աշունը նախատեսված չի սիրո համար։

Օրացույցը ձեռքիս աչքերս փակում, խորը շունչ եմ քաշում։ Ամեն ինչ շատ ճիշտ ա, էնպես, ինչպես սովորեցրել են դպրոցում՝ տասներկու ամիս, չորս եղանակ։ Ոչ աջ, ոչ ձախ։ Ի տարբերություն հագուստների՝ սերը միջանկյալ աշուն-ձմեռ տեսականի չի ունենում։ Տարին նախատեսված չի սիրո համար։